«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը մեղադրանքի հետ կապ չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Այսօր հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Արամ Վարդանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ու դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հաղորդագրությունը համեմված էր նաեւ տեղեկությամբ, որ Արամ Վարդանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մարդու առեւանգում եւ կողոպուտ կազմակերպելու, ինչպես նաեւ սպանության փորձի համար։

Ցանկանում ենք հանրությանը տեղեկացնել, որ նախ հաղորդագրության մեջ սխալ է ներկայացված մեղադրանքը, ավելին Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ շարադրված հանգամանքները որեւէ կապ չունեն իրականության հետ։ Փաստենք նաեւ, որ ընդհանուր իրավասության դատարանն իր կողմից կայացված որոշմամբ հաստատված է համարել, որ բացակայում է թե կողոպուտի, թե առեւանգման եւ թե սպանության փորձի կազմակերպման համար առաջադրված մեղադրանքների հետ Արամ Վարդանյանի առնչության մասին հիմնավոր կասկածը, սակայն այնուամենայնիվ որոշում է կայացվել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, պատճառաբանելով որոշումը հետեւյալ կերպ. «Դատարանի համար կոնկրետ դեպքում ընդունելի չէ պաշտպանների այն տեսակետը, որ մեղադրվող արարքում հիմնավոր կասկածի բացակայությունը հիմք է միջնորդությունը մերժելու համար»։

Պարզ ասած սա նշանակում է, որ Արամ Վարդանյանը մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալնավորվի։ Հավելյալ մեկնաբանություններն այս պահին ավելորդ են։ Կայացված որոշումն ակնհայտ անհիմն է եւ կբողոքարկվի»։