Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել այցի ընթացքում եվրոպացի գործընկերների հետ քննարկվել է նաև սահմանադրական հանրաքվեի հարցը: Այս մասին այսօր` մարտի 9-ին, Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

«Այսօր մեր ունեցած մեր բոլոր հանդիպումներում  մենք բնականաբար անդրադարձել ենք Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացներին եւ, ընդհանրապես, մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին եւ, բնականաբար, Սահմանադրական հանրաքվեն նույնպես քննարկվել է: Եւ մենք մեր բոլոր գործընկերներին ներկայացրել ենք գործընթացի նախապատմությունը, ներկան, նախանշված ապագան։  Պետք է ասեմ, որ մեր եվրոպացի գործընկերների մոտ առնվազն իմ նկատմամբ կա ընկալում, որ առկա խնդիրը Հայաստանում՝ կապված դատական համակարգի զարգացման անհրաժեշտության հետ, եւ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի լուծման  անհրաժեշտության  խնդրի ընկալումը կա»,- ասաց նա:

 Ռուբինյանը կարծում է, որ եվրոպացիները, ամենայն հավանականությամբ, ունեն ընկալում, որ իրենց մոտիվները դրական են:    

«Կապված Վենետիկի հանձնաժողովի հետ որոշումը մեր տիրույթում է, եւ ինչպես ես բազմիցս ասել եմ, այս պահի դրությամբ որոշում Վենետիկի հանձնաժողով դիմելու կամ չդիմելու չկա»,-ասաց նա:

Լրագրողի հարցին, թե ի  վերջո իրենք կարողացա՞ն իրենց եվրոպացի գործընկերների համար համոզիչ լինել, թե ինչու է  պետք անցկացնել հանրաքվե, Ռուբինյանը պատասխանեց, որ իրենք նպատակ չունեն  համոզիչ լինել եվրոպացիների համար, այլ ձգտում են համոզիչ լինել ՀՀ քաղաքացիների համար:

«Մեր եվրոպացի ընկերների հետ շփումների ընթացքում մենք ներկայացնում ենք մեր դիրքորոշումը եւ պատմում ենք իրականությունը, եւ ես կարծում եմ, որ կա ընդհանուր ընկալում, որ կա խնդիր, եւ խնդիրը պիտի լուծվի, եւ որ մեր մոտիվացիան խնդիրը լուծելու դրական է» ,-ասաց նա:

Անդրադառնալով մարտի 5-ին ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այցին Բրյուսել, նա ասաց, որ հանրապետականները եւ Սերժ Սարգսյանը տարբեր երկրներ են մեկնում` իրենց իշխանությունը փնովելու համար.  «Հանրապետականները եւ Սերժ Սարգսյանը փորձում են մարդկանց համոզել, որ Հայաստանում հաստատվել է բռնապետություն, որտեղ ամեն ինչ շատ վատ է, ատելության մթնոլորտ է եւ այլն, բայց կարծում եմ, որ բանական մարդկանց համար դա բավական զվարճալի է»:

Հարցին՝ արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դիմել է ԵԺԿ–ին անդամակցելու համար, Ռուբինյանը պատասխանեց, որ որեւէ եվրոպական կուսակցության ընտանիքի անդամագրվելուն որոշում չունի: