ՍԴ գործունեությունը պետք է համապատասխանի Սահմանադրությունը, իսկ մեր դեպքում Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանն իրար պաս են տվել. Նա ասել է՝ վարչապետի պաշտոնն եմ քեզ տալիս, նա էլ ասել է՝ ՍԴ նախագահի պաշտոնն եմ քեզ տալիս: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, որ ինչպես ժողովուրդը վարչապետի պաշտոնը վերցրեց Սերժ Սարգսյանից, նույն կերպ ժողովուրդը պետք է ապրիլի 5-ին ՍԴ նախագահի պաշտոնը  վերցնի Հրայր Թովմասյանից:

«Որովհետեւ Սերժ Սարգսյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող պաշտոնը որեւէ մեկին շնորհի կամ նվիրի: Հրայր Թովմասյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որեւէ մեկին շնորհի կամ նվիրի: Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որեւէ մեկին նվիրի: Իշխանության ճակատագիրը որոշում է միայն ու միայն ժողովուրդը, ՀՀ քաղաքացին»,-ասաց Փաշինյանը:

Ապա նա անդրադարձավ ՍԴ անդամներին՝ նշելով. «ՍԴ անդամները, որոնց դուք ուզում եք տուն ուղարկել, նրանք հավասար պատասխանատու են ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր դժբախտությունների՝ կոռուպցիայի, ընտրակեղծիքների, ապօրինությունների, բեսպրեդելի համար, որովհետեւ այդ ՍԴ-ի 7 անդամները իշխանության կամակատար են եղել իրենց գործունեության ողջ ընթացքում: Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կամակատարն են եղել: Նաեւ 1996-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել: Նրանք երբեք ինքնուրույն դատավորի առաքելություն չեն ունեցել: Նրանք արժանի չեն ՀՀ դրոշի ու զինանշանի ներքո հանդես գալու, եւ նրանք պետք է գնան տուն:

Հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե Սերժ Սարգսյանի կամակատար դատարանի փոխարեն ձեւավորվի Նիկոլ Փաշինյանի կամակատար դատարան: Դա ավելի վատ կլինի, որովհետեւ ի սկզբանե մենք բոլորս իմացել ենք, որ նրանք եկել են խաբելու, թալանելու, հարստանալու համար: Բայց մենք ձեզ խոստացել ենք, որ գալիս ենք հանուն արդարության, հանուն օրինականության: Եթե մենք հիմա իրենց կամակատար դատարանները փոխարինենք մեր կամակատար դատարաններով, մենք ձեզ կդավաճանենք, մենք մեզ կդավաճանենք, մեր արժեքներին կդավաճանենք: Հայաստանին պետք է ինքնուրույն, անկախ, օբյեկտիվ դատական համակարգ եւ ՍԴ: Մենք իրար հետ դա ունենալու ենք: Դա միայն ձեզ չի պետք, ինձ է պետք որպես վարչապետ: