«Եդինայա Ռոսիա»-ի պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկել է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագում ուղղում կատարել նախագահական ժամկետները զրոյացնելու մասին, փոխանցում է «Մեդուզան»:

Տերեշկովայի կարծիքով՝ անհրաժեշտ է կա՛մ սահմանափակումներն ընդհանրապես վերացնել, կա՛մ, «եթե դա պահանջի իրավիճակը եւ ցանկանան մարդիկ, օրենքում գործող նախագահի համար այդ պաշտոնում կրկին ընտրվելու հնարավորություն ամրագրել»:

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ այդ առաջարկը անհրաժեշտ է քննարկել Դումայի խմբակցությունների առաջնորդների հետ, ինչպես նաեւ տեղեկանալ այդ կապակցությամբ գործող նախագահի կարծիքին: Դրանից հետո նիստում ընդմիջում է հայտարարվել:

«Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովը արդեն հայտարարել է ուղղումն աջակցելու պատրաստակամության մասին:

Գործող խմբագրմամբ Սահմանադրությունն արգելում է, որ նույն մարդը անընդմեջ 2 ժամկետից ավելի զբաղեցնի նախագահի պաշտոնը: 2018 թվականին Վլադիմիր Պուտինն ընտրվել է երկրորդ անգամ անընդմեջ (ընդհանուր՝ չորրորդ անգամ), նրա լիազորություններն ավարտվելու են 2024 թվականին: