Այո-ն թավշյա հեղափոխությունն է: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում «ԱՅՈ»-ի քարոզարշավի ժամանակ ասաց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Նրա խոսքով՝ հանրաքվեի ժամանակ «այո» ասելը հայ ազգին ու հային փառք ու պատիվ բերող արարք է:

«ԱՅՈ»-ն մեր բոլորի իրավունքներն են, «այո»-ն մեր պատմությունն է, «այո»-ն մեր նորանկախ պետության պատմությունն է, «այո»-ն մեր թավշյա հեղափոխությունն է, «այո»-ն մեր հոգեբանությունն է, «այո»-ն մեր պետությունն ու պետականությունն է, «այո»-ն մեր սուրբ մայրերն են, որոնք զավակներ տվեցին։ Իմ թվարկած ամեն ինչը նախորդ իշխանությունները մեր «այո»-ն «ոչ»-ով մեր ձեռից վերցրել ու ձևավորել է իր ցանկությամբ»,-ասաց Սասուն Միքայելյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ նախկին իշխանությունները չեն սիրել մեր ժողովրդին, մեզ, բոլորիս. «Ժողովրդին սիրող ղեկավարը երբեք ժողովրդին չի տանի ուրիշ ճանապարհով, որովհետև մենք հաղթանակ ենք տարել, մենք մեր հաղթանակի արժեքի գինը չհասկացանք»:

Սասուն Միքայելյանի խոսքով ՝ թավշյա հեղափոխությունից հետո փոխվել է մարդկանց մտածելակերպը, հոգեբանությունը, մարդիկ զգացել են ազատության բերկրանքը։

«Այսօր մենք պետք է ասենք «ոչ» էդ տականքներին, էդ «ոչ»-ը ձեր «այո»-ն է։ Այն «ոչ»-ը, որ տարիներ շարունակ խլել է մեր ազատությունն ու անկախությունը, մենք մեր «այո»-ով պետք է վերափոխենք, ձևավորենք, որ հետագայում մեր երեխաները ապագա ունենան։ Մենք եկել ենք դիմենք, խնդրենք ձեզ, ասենք, որ մեր երկրում բան է փոխվել, ինչը 20 տարի է չէր փոխվում, դա փոխել է «Իմ քայլը» դաշինքը: Փոխվել է պարոն վարչապետի գլխավորությամբ, էդ բոլորը տեսանելի ու հասկանալի է, մենք չենք եկել, որ հեծանիվ ստեղծենք»,-ասաց ԵԿՄ նախագահը:

Նա հավելեց, որ Սահմանադրական դատարանը էս տարիների ընթացքում միշտ կորզել է քաղաքացիների իրավունքները, միշտ հակահայկական, հակաժողովրդական օրենքներ է ձևավորել և հաստատել. «Մենք էսօր պարտավոր ենք նորից դիմել ժողովրդին, որ ստեղ կանգնած ամեն մի անհատը իր «այո»-ն ասի, որովհետև եթե դա այդպես չլինի բան չի փոխվի այս երկրում»,- ասաց Սասուն Միքայելյանն ու հավելեց. «Նշածս բոլոր էդ հանգամանքները տանում են «այո»-ի, որովհետև էդ «ոչ»-ը մենք տեսել ենք, համ էլ «ոչ»-ը ոնց կարա «այո»-ին ասի «ոչ»... այո՛»։