Արդեն երկու տարի է, որ Ամուլսարի հանքը փակված է անօրինական ձեւով, եւ աշխատակիցները ոչ մի կերպ չեն կարողնում մուտք գործել իրենց աշխատավայր: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներից Լիանա Հովսեփյանը:

Նրա խոսքով, մոտ 300 աշխատողից այսօր մնացել է 15-20 աշխատող. «Տարբեր ստուգումներ են կատարվել, որ մեր իրավունքները վերականգնվեն, կարողանանք գործել, սակայն ոչ մի լուծում մինչ այս պահը չի տրվել: Կառավարությունն ի վիճակի չէ որեւէ լուծում տալու այս հարցին: Տեսնելով, որ կառավարությունը չի աջակցում մեզ, կորցնելով մեր վերջին հավատը կառավարության եւ վարչապետի հանդեպ, նախորդ շաբաթ մի խումբ աշխատակիցներով ստիպված ենք եղել դատական հայցով դիմել դատարան»,-ասաց նա:

Լիանա Հովսեփյանի խոսքով, հայցի պահանջն է վերականգնել իրենց իրավունքները եւ ոչ իրավական ճանաչել ոստիկանության գործունեությունը. «Այդ հայցից հետո մտադիր ենք պահանջել կառավարությունից, որպեսզի կառավարությունը փոխհատուցի բոլոր այն ֆինանսական, հոգեբանական վնասները, որը մեր աշխատակիցները կրել են այս 2 տարվա ընթացքում: Ի դեպ, պահանջելու  ենք ոչ միայն այն 2 տարիների համար, որ չենք աշխատել, այլեւ այն տարիների համար, որ պետք է աշխատեինք: Պլանավորված էր, որ հանքը 10-15 տարի պետք է աշխատեր: Մենք գնալու ենք մինչեւ վերջ, մինչեւ Եվրոպական դատարան եւ պահանջելու ենք փոխհատուցում բոլոր վնասների համար»,-ընդգծեց Հովսեփյանը:

Նա տեղեկացրեց, որ դատարան է դիմել մոտ 30 մարդ, սակայն այդ թվին աճելու է. «Ակնկալում ենք, որ դիմողները կկազմեն 300 հոգի: Աշխատողների միջին աշխատավարձը կազմել է մոտ 600 հազար դրամ: Եթե բոլոր աշխատողները դիմեն եւ պահանջեն իրենց կորցրած աշխատավարձը, պատկերացրեք, թե ինչ է կատարվելու: Դա մեծ գումարներ են: Կառավարությունից մեզ խոստացել էին, որ կբացենք, համբերեք, ձեզ կաջակցենք, բայց մինչ օրս կառավարությունից որեւէ մեկը մեզ չի աջակցել»: