Պետդումայի պատգամավորները կողմ են քվեարկել Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությանը, որը թույլ է տալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մի անգամ եւս մասնակցել նախագահական ընտրություններին, հայտնում է РБК-ն։ «Կողմ» է քվեարկել 380 պատգամավոր, «դեմ»՝ 43, «ձեռնպահ»՝ 1։ Ավելի վաղ ԿԿ ներկայացուցիչները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու այդ փոփոխությանը։

Նշված փոփոխության համաձայն, փոփոխությունը ուժի մեջ մտնելու պահին նախագահի պաշտոնը զբաղեցնողի համար այդ սահմանափակումը հանվում է։

Ավելի վաղ պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկել էր Սահմանադրությունն այնպես փոխել, որպեսզի գործող ղեկավարը մասնակցի 2024թ․ ընտրություններին։ Նա առաջարկել էր հիմնական օրենքից հանել նախագահական ժամկետների սահմանափակումը։

Փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ ընդունելուց առաջ քննարկումներին մասնակցելու համար Պետդումա եկած Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, թե հաջորդ ընտրություններին իր մասնակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Սահմանադրության մեջ փոփոխության համար ապրիլի 22-ին քվեարկի երկրի բնակչությունը, այնուհետեւ դրա օրինականությունը հաստատի Սահմանադրական դատարանը։

Ընդ որում, նախագահն ասել էր, թե նպատակահարմար չէ Սահմանադրությունից ամբողջովին հանել նախագահական ժամկետների թվի սահմանափակումը։