Իդլիբի հարցով Ռուսաստանի եւ Թուրքիայի պայմանավորվածությունները թույլ են տալիս ժամանակավորապես կայունացնել Սիրիայի հյուսիս-արեւմուտքի իրավիճակը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Anadolu-ն:

« Իդլիբում երկարաժամկետ խաղաղության մասին խոսելը դեռ վաղ է: Անկարան ռուսական կողմին տեղեկացնում է իրադարձությունների զարգացման մասին եւ հույս ունի, որ միջոցներ կձեռնարկվեն ձեռքբերված համաձայնություններին համապատասխան»,- ասել է նա՝ նշելով, որ Թուրքիան ուշադիր հետեւում է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում շփման գծում նախագահ Բաշար Ասադի աջակիցների եւ ուժերի տեղաբաշխմանը:

Նրա խոսքով՝ Անկարան պատրաստ է մինչեւ վերջ իրականացնել Սիրիայի հարցով պարտավորությունները, սակայն եթե հակառակորդ կողմը փորձի խախտել այդ համաձայնությունները, ապա Թուրքիայի հարվածն ավելի կոշտ կլինի:

«Թուրքիան ոչ միայն կպատասխանի, այլ ավելի զգալի հարված կհասցնի»,- խոստացել է Էրդողանը:

Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի ԶՈւ բոլոր 12 դիտակետերը շարունակում են գործել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում: