Մարտի 3-ից 6-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ մարմինների հետ համագործակցության դեպարտամենտի կազմակերպած «Կանայք ոստիկանությունում» թեմայով տարածաշրջանային հերթական համաժողովը: Ամենամյա միջոցառման նպատակն է՝ բարձրացնել իրավապահ մարմիններում աշխատող կանանց որակավորումը, զարգացնել նրանց գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:

Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի, Հայաստանի, Մակեդոնիայի, Կոսովոյի, Պակիստանի, Ալբանիայի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի իրավապահ մարմինների պատվիրակություններ: Հայաստանը ներկայացնում էին ՀՀ ոստիկանության եւ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների կին ծառայողներ: ՀՀ ոստիկանությունից մասնակցում էին շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, կրթահամալիրի եւ Երեւան քաղաքի վարչության ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին: Մասնակիցներին ու կազմակերպիչներին շնորհակալական խոսք ասաց Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը: Նա ընդգծեց իրավապահ համակարգում կնոջ դերի կարեւորությունը հատկապես բռնություններն ու հանցագործությունները կանխելու գործում:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան ԱՄՆ տարբեր նահանգներում ծառայող կին ոստիկանների փորձին, լսեցին փորձագետների՝ ղեկավարման ու հաղորդակցման հմտություններին վերաբերող դասախոսություններ, կատարեցին գործնական առաջադրանքներ, նաեւ մասնակցեցին տակտիկական պատրաստականության վարժախաղերին: