Հուսանք, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կկարգավորվի մինչեւ հաջորդ ամիս, քանի որ այն ուժգին հարված է հասցրել տուրօպերատորներին եւ ընդհանրապես Հայաստանում տուրիզմին: Այս մասին մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Փարսյանը:

Փորձագետի խոսքով՝ մարդիկ փաստացի ոչ մի տեղ չեն մեկնում, իսկ երկրում գրանցվել է զբոսաշրջիկների հոսքի անկում: Տնտեսագետի կարծիքով՝ այս ամենը ուժգին հարված է հասցնում փոքր տուրիստական ընկերություններին, եւ դրանցից շատերը փակվում են: «Փոքր եւ միջին բիզնեսը՝ ռեստորաններ, հյուրանոցներ եւ այլն, նույնպես ուժեղ կտուժի: Արդեն հայտեր չեն ստացվում ապրիլ-մայիսի համար: Սա լրջագույն մտահոգություն է հարուցում»,- շեշտեց Փարսյանը՝ հավելելով, որ Հայաստանն ու նրա տնտեսությունը չեն ստանա ահռելի միջոցներ:

Ընդ որում, ինչպես նշեց փորձագետը, մի քանի ուղղություններով ավիաչվերթներն արդեն դադարեցվել են: Փարսյանը միաժամանակ նշեց, որ եթե Հայաստանը հետեւի Վրաստանի եւ Ադրբեջանի օրինակին ու փակի սահմանները, դա կխորացնի առանց այն էլ բարդ իրավիճակը: «Վրաստանն ու Ադրբեջանը ծովային ճանապարհի այլընտրանք ունեն, իսկ մենք չունենք: Ես հասկանում եմ, որ Իրանի սահմանն անհրաժեշտ էր փակել, բայց Վրաստանի սահմանը ամեն դեպքում պետք է բաց պահել»,- պարզաբանեց տնտեսագետը:

Նրա գնահատմամբ՝ կորոնավիրուսը վառ ցուցադրեց Հայաստանի տնտեսության եւ նրա ներքին քաղաքականության բոլոր թույլ կողմերը: Պետությունը պետք է ավելի ուշադիր հետեւի առողջապահության ոլորտի իրավիճակին եւ հատուկ ուշադրություն դարձնի պետական կլինիկաների ու հիվանդանոցների համակարգի զարգացմանը, այլ ոչ թե զբաղվի դրանք փակելով: «Պատկերացրեք այսպիսի իրավիճակ: Կորոնավիրուսի կասկածով մարդը դիմում է մասնավոր կլինիկա, իսկ այնտեղ կարող են մերժել նրան բուժել, քանի որ ավելի շատ մտահոգվում են ոչ թե մարդու առողջությամբ, այլ իմիջի: Չէ՞ որ մեր երկրում ահռելի թվով հիվանդանոցներ եւ կլինիկաներ օլիգարխների սեփականությունն են, եւ այս կլինիկաների քաղաքականությունը ձեւավորում են դրանց փաստացի տերերը: Ահա, այս պատճառով պետությունը պետք է ունենա իր հիվանդանոցները, իր լաբորատորիաները, որ ապահովի հանրության եւ ընդհանրապես երկրի լիարժեք անվտանգությունը»,- ամփոփեց Սուրեն Փարսյանը: