Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են, նշանդրեքի մասնակիցները։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդհանուր առմամբ, այս պահին Էջմիածնից կա 100 մեկուսացված մարդ, ասել է նա։  Էջմիածինցի կինը Հայաստան է եկել փետրվարի 29-ին, դրանից հետո, ըստ Փաշինյանի, նրան պարբերաբար դիմել են առողջապահության նախարարությունից, սակայն նա թաքցրել է իր հիվանդության փաստը։ «Եթե նա թաքցրած չլիներ, ապա 13 դեպքի փոխարեն կունենայինք 6-ը»։

Փաշինյանի խոսքով՝ «Գոլդեն Փելիսում» մեկուսացված 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն։ 2-ի մոտ հաստատվել է վարակի առկայությունը, իսկ 3-րդը, որի ընտանիքի անդամի մոտ է հաստատվել վիրուսի առկայություն եւ այս ընթացքում նա  շփվել է  վարակակրի հետ, կմնա մեկուսացման մեջ։  2 անձինք, որոնց թեստը դրական է եղել՝  կտեղափոխվեն հիվանդանոց. « Եվս 2 անձ, որոնց մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը, Էջմիածնից են։ Այս պահի դրությամբ նաև մեկ քաղաքացի ունենք Ֆրանսիայից, որի մոտ ևս հաստատվել է կորոնավիրուս»։

Նշենք, որ այս անգամ Նիկոլ Փաշինյանը եթեր է մտել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։

«Այժմ ամենաակտիվ և թեժ կետը շարունակում է մնալ Էջմիածինը։ Այս պահի դրությամբ՝ Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը, ըստ էության, հասել է մոտավորապես 100-ի, և մենք Էջմիածինը պետք է պահենք ուշադրության կենտրոնում»,- ասել է վարչապետը։

Ըստ առողջապահության նախարարության՝ բոլոր պացիենտների վիճակը բավարար է, միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ: