Ենթադրությունները, թե տաք եղանակը կսպանի կորոնավիրուսը, իրական չեն: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուաստանի Գիտությունների ակադեմիայի ազգային տնտեսական կանխատեսման ինստիտուտի հասարակության առողջության կանխատեսման եւ վերլուծության լաբորատորիայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Բորիս Ռեվիչը:

«Կան որոշ ենթադրություններ, որ բարձր ջերմաստիճանի դեպքում կորոնավիրուսը կարող է նահանջել, սակայն դա ֆանտազիա է: Վիրուսը եկել է Ուհանից, որտեղ բավականին բարձր ջերմաստիճան է գրանցվել դեկտեմբեր-հունվարի ամիսներին՝ մինչեւ 10 աստիճան: Եվ նման ջերմաստիճան է եղել, երբ վիրուսը սկսել է տարածվել»,- ասել է նա:

Փորձագետը նշել է, որ պետք չէ ապավինել տաք եղանակին՝ որպես վիրուսից փրկվելու միջոց:

ԱՀԿ-ն մարտի 11-ին հայտնել է COVID-19 կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվելու մասին: Աշխարհում ավելի քան 120 երկրներում վարակվածների թիվն արդեն հասնում է ավելի քան 130 հազարի, մեծ մասն ապաքինվել է, ավելի քան 5 հազարը՝ մահացել: