Վաղարշապատ-Երեւան ավտոճանապարհի Էջմիածնի ելքի մոտ այսօր՝ մարտի 16-ին, մեծ թվով մեքենաներ են կուտակվել՝ նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումներով պայմանավորված։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մինչեւ քաղաքի մուտքը բաց է, քաղաքից դուրս եկող քաղաքացիները ջերմաչափվում են, ջերմություն ունենալու դեպքում հորդորում՝ ինքնամեկուսացվել։

NEWS.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն ասաց, որ քաղաքի ելքերը փակված ենն Էջմիածին-Երեւան երթուղին սպասարկող ավտոբուսներով։

Նա հորդորեց քաղաքացներին միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալ Էջմիածնից.

«Հորդորում եմ մեր քաղաքացիներին՝ հնարավորինս անհրաժեշտության դեպքում քաղաքից դուրս գալ, անկախ նրանից, թե մենք ինչքան սարքավորում կունենանք այստեղ, անհնար կլինի բոլորին միաժամանակ այստեղ սպասարկելը։ Հետեւաբար հերթերի գոյացումն այստեղ շատ բնական պրոցես է։ Դուրս գալուց անպայման ջերմություն ստուգում են, արձանագրում են անուն-ազգանուն, հեռախոսահամար, հասցե, այնուհետեւ բաց են թողնում, մնացած բուժաշխատակիցներն էլ կապ են հաստատում եւ մոնիտորինգ են անցկացնում»։

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն այս պահին հասել է 30-ի: Առաջին կորոնավիրուսով վարակված քաղաքացին արդեն առողջացել է:

Նշենք նաեւ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր կորոշվի Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու հարցը։