Այսօրվա հարաբերությունների ֆոնին շատ դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանի նախագահը հլու–հնազանդ կարող է մասնակից լինել եռակողմ կամ երկողմ հանդիպումներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի թեքնածու Աշոտ Ղուլյանը՝ պատասխանելով հարցին՝ ընտրվելուց հետո, եթե միջնորդներին հաջողվի բաց հանդիպում կազմակերպել Ադրբեջանի նախագահի հետ, 2–3 նախադասությամբ ի՞նչ կասեիք նրան, որոնք կլինեին նաեւ ուղերձ միջազգային հանրությանը։

Ղուլյանի խոսքով՝ իսկապես իրենք խոսելու բան ունեն, բայց այնպես չէ, որ պետք է խնդրողի դերում լինենք. «Մենք մեր հայրենիքում կարողացել ենք ապացուցել ինքնուրույն ապրելու մեր իրավունքը եւ այդ ճանապարհին մենք բազմաթիվ զրկանքներ եւ զոհաբերություններ ենք կրել»։

Նախագահի թեկնածուի խոսքով՝ հակամարտության կարգավորումը միայն Արցախի ժողովրդի շահերից չէ բխում. «Եթե նույն Ադրբեջանի ղեկավարությունը ցանկություն ունի գնալ այդ ճանապարհով, այդ ճանապարհի այն հատվածը, որն իրենց է վերաբերում, կարծում եմ մենք կարող ենք ընդհանուր եզրեր գտնել, դժբախտաբար ես շատ դժվար եմ պատկերացնում, որ այսօր այդպիսի ցանկություն կա, հետեւաբար ես այդպես, որեւէ մեկ–երկու նախադասություն չունեմ պատրաստ։ Եթե իրավիճակն այնպիսին լինի, որ մենք կարողանանք իսկապես այդպիսի միջավայր ապահովել, կարծում եմ, որ դա արդեն կլինի մեր պրոֆեսիոնալ մասնագետների աջակցության եւ համատեղ աշխատանքի շնորհիվ, որոշակի կոնցեպցիայի տակ»։