Վիվա-ՄՏՍ-ն անցել է  գործունեության արտակարգ ռեժիմի, սպասարկման կենտրոնները մարտի 17-ից ժամանակավորապես չեն գործելու։ 

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, բաժանորդային սպասարկում իրականացնելու, կապի ռազմավարական ենթակառուցվածքի անխափան գործունեությունն ապահովելու, ինչպես նաև աշխատակիցների առողջության անվտանգության ու նրանց ընտանիքների մասին հոգ տանելու կարևորությունը, Վիվա-ՄՏՍ-ն անցել է գործունեության արտակարգ ռեժիմի:

Վիվա-ՄՏՍ-ի բոլոր այն աշխատակիցները, որոնց աշխատանքի բնույթը չի ենթադրում գրասենյակում անմիջականորեն գտնվելու անհրաժեշտություն, կաշխատեն տնից: Բջջային ցանցի անխափան աշխատանքի վերահսկողությունը կիրականացվի առավել խստացված ռեժիմով:

Սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործելու՝ մարտի 17-ից սկսած: Վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել Մոբիդրամ հավելվածից, Վիվա-ՄՏՍ-ի առցանց վճարման (https://cabinet.mts.am/Epay2/) համակարգից, ինչպես նաև առցանց այլ համակարգերից ու վճարային տերմինալներից:

Հեռախոսահամարի, սակագնային պլանի և այլնի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն կարելի է ստանալ «Իմ Վիվա-ՄՏՍ» բջջային հավելվածի միջոցով՝ ներբեռնելով այն «Google Play»-ից կամ «App Store»-ից: Տեղեկություններ կարելի է ստանալ նաև հրահանգների ցանկի օգնությամբ՝ ուղարկելով *130# հրահանգը:

Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունների և ապրանքատեսակների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքէջում՝ (www.mts.am) և ֆեյսբուքյան էջում՝ (https://www.facebook.com/MTSArmenia): Հարցերի դեպքում, ներառյալ՝ SIM քարտին առնչվող, կարելի է դիմել անձնական նամակով՝ ֆեյսբուքյան մեսենջերով, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով՝ այցելելով կայքէջ կամ` զանգահարել Վիվա-ՄՏՍ-ի թեժ գիծ:

Թեժ գիծն ինչպես միշտ հասանելի կլինի շուրջօրյա: Վիվա-ՄՏՍ-ի հեռախոսահամարներից թեժ գծին կարելի է միանալ` զանգահարելով 111: Ռոումինգում գտնվելիս թեժ գծին միանալու համար ՄՏՍ խմբի ցանցերից անհրաժեշտ է զանգահարել +374 93 297111 հեռախոսահամարին (Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար՝ անվճար): Ֆիքսված և ամպային ծառայությունների համար անհրաժեշտ է զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով:

Բաժանորդներին հասանելի է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծի անվճար՝ 8003 հեռախոսահամարը:

Իրավիճակով պայմանավորված՝ կուտակված և չվճարված պարտքերի պատճառով, հետվճարային սակագնային պլանների շրջանակներում տրամադրվող կապի ծառայությունները չեն կասեցվի, իսկ վճարումը կատարելու ժամկետները կհետաձգվեն մինչև ապրիլի ս.թ. 16-ը:

Հոգ տանենք միմյանց համար, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները: