«Մարտի 1»-ի գործով քննող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է եւ վերջինս ՌԴ֊ի իրավապահների կողմից ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։

«Հարգելի լրագրողներ,

Արտակարգ դրությանը համահունչ արտակարգ նորություն!!!

Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է եւ վերջինս ՌԴ֊ի իրավապահների կողմից ազատ է արձակվել...»,- գրել է նա։

Նշենք, որ մարտի 15-ին Վահագն Հարությունյանը ձերբակալվել էր ՌԴ-ում և առաջիկայում կքննարկվի նրա արտահանձնման գործընթացի հարցը։

Հավելենք, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացրեց, որը սակայն փետրվարի 6–ին վերաքննիչ դատարանը բեկանեց եւ գործն ուղարկեց առաջին ատյանի դատարան նոր քննության։ «Մարտի 1-ի» գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։ Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում էր կայացրել նաեւ 2018թ. նոյեմբերի 2-ին՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար։ Սակայն դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումն ու վերացրել Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։

Վահագն Հարությունյանն նախորդ տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից: