Տեխասի Ուեթերֆորդ փոքր քաղաքի բնակիչը՝ ամերիկացի Դեւիդ Սթոքմանը, կառուցել է Super Bronco յուրահատուկ կաստոմային ամենագնաց: Ավտոմեքենան, փաստորեն, պատրաստված է երկու մեքենայից՝ 2005 թվականի Ford F-250 Super Duty փիքափից եւ 2001-ի 5-դռնանի Ford Excursion-ից, փոխանցում է Motor-ը: 

Սթոքմանի սկզբնական ծրագիրը հետեւյալն էր՝ կարճացնել Ford Excursion-ը եւ դրա շարժիչային հատվածում պատվաստել F-250 Super Duty-ի 6,0-լիտրանոց  դիզելը: Սակայն հետո նա որոշել է սղոցել երկու ավտոմեքենան էլ եւ միավորել մեկում: Ստացվել է, որ Super Bronco-ի առջեւի հատվածը՝ շրջանակի հետ փոխառված է փիքափից, իսկ հետեւի հատվածը՝ ամենագնացից: Ընդ որում՝ Սթոքմանին ոչ միայն հաջողվել է միավորել 2 մեքենաները, այլեւ շարժման ընթացքի դեմ բացվող երկու թափքերի միջեւ խնամքով երկու փոքր դուռ դնել:

Մնացյալ դետալները, ինչպես առջեւի թեւերը եւ ծածկոցը, Super Bronco-ն ստացել է մեկ այլ F-250-ից, բայց արդեն 2008 թվականի: Ռադիատորի վանդակաճաղը՝ ժամանակակից փիքափից: Դրանից բացի, Սթոքմանը Excursion-ի թափքի մեջ է դրել 2017 թվականի F-150 նմուշի հետեւի լուսարձակները, եւ դրանք միավորել է Super Bronco գրությամբ կամարով:

Ամենագնացի սրահի համար օգտագործվել են F-150 King Ranch-ի եւ Lincoln MKX-ի մոդիֆիկացիաների տարրեր:

Super Bronco-ի ծածկի տակ տեղադրված է Power Stroke 6,0-լիտրանոց դիզել, որն ունի մոտ 400 ձիաուժ եւ համատեղված է ավտոմատ փոխանցման տուփով: Ունի լիահաղորդակ: