Ամերիկյան ավտոմոբիլային երեք հսկաներ General Motors-ի, Ford-ի եւ Fiat Chrysler-ի ղեկավարությունը նոր կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցնում է արտադրությունն իրենց գործարաններում: Այս մասին նշվում է ընկերությունների կայքերում հրապարակված հայտարարություններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ford-ի` Միացյալ Նահանգներում, Կանադայում եւ Մեքսիկայում գտնվող ձեռնարկություններում արտադրությունը կդադարեցվի հինգշաբթի երեկոյան մինչեւ մարտի 30-ը` գործարանները մանրակրկիտ մաքրելու եւ ախտահանելու համար»,- նշել են Ford-ի ներկայացուցիչները: Նրանք պարզաբանել են, որ խորհրդակցություններ կանցկացնեն Ավտոարտադրության աշխատակիցների միավորված արհմիության հետ` որոշելու, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն աշխատակիցների առողջությունը պաշտպանելու համար:

General Motors-ում հայտարարել են, որ կորպորացիան «դադարեցնում է արտադրությունը Հյուսիսային Ամերիկայում` շուկայում պայմանների պատճառով` մաքրման աշխատանքների իրականացման եւ անձնակազմի պաշտպանության համար»: Ընկերությունում նշել են, որ «կասեցումը կտեւի առնվազն մինչեւ մարտի 30-ը»: Դրանից հետո General Motors-ը շաբաթական գնահատականների հիման վրա կորոշի` երբ վերսկսել աշխատանքը:

Fiat Chrysler-ի հայտարարության մեջ նշվում է, որ ընկերությունը «համաձայնել է դադարեցնել արտադրությունը Հյուսիսային Ամերիկայի գործարաններում» չորեքշաբթիից մինչեւ մարտի վերջ: Կորպորացիայում նաեւ հայտարարել են որ ձեռնարկություններում ախտահանում կիրականացվի: