Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների եւ Արեւմուտքի կողմից պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը մի իրավիճակում, երբ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի համաճարակի դեմ:

«Սիրիան կոչ է անում միջազգային հանրությանը աջակցել Դամասկոսի դեմ պատժամիջոցների շուտափույթ վերացմանը` հաշվի առնելով, որ կորոնավիրուսը տարածվել է հարեւան բոլոր պետություններում»,- ասված է հանրապետության արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է սիրիական պետական SANA գործակալությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ահաբեկչական խմբավորումների դեմ շարունակվող պատերազմը եւ արեւմտյան պատժամիջոցները բացասաբար են անդրադարձել երկրի առողջապահության ոլորտի վրա: «Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից միակողմանի պատժամիջոցների պահպանումը նման իրավիճակում մարդու իրավունքների կոպիտ խախտում է եւ հակասում է տարրական նորմերին ու սկզբունքներին»,- -նշվում է փաստաթղթում:

Սիրիայի արտգործնախարարությունը նաեւ սոլիդարություն է հայտնում Իրանի, Վենեսուելայի, Կուբայի եւ այլ երկրների հետ, որոնք բախվում են վտանգավոր վարակի հետ, եւ նրանց նկատմամբ առանց որեւէ պայմանի պատժամիջոցների անհապաղ վերացում եւ դաժան շրջափակման ավարտ է պահանջում: «Սիրիան Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների վրա է դնում պատասխանատվությունն այս երկրներում կորոնավիրուսի յուրաքանչյուր զոհի համար, քանի որ նրանք իրենց պատժամիջոցներով խոչընդոտում են ամբողջ մարդկությանը սպառնացող համաճարակի դեմ պայքարին եւ զրկում են անհրաժեշտ օգնություն ստանալու հնարավորությունից»,- նշվում է հայտարարության մեջ: