Դավիթ ջան, շատ ուրախ եմ, որ Երեւանում ֆիզիկական մատչելիության խնդիրները եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց հիմնախնդիրները ձեր ուշադրության կենտրոնում են, բայց անհանգստացած եմ, որ դուք այս բավականին զգայուն հարցն օգտագործում եք ձեր հերթական մանիպուլիացիաների համար։ Այս մասին այսօր՝ մարտի 19–ին, Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ելույթին։

«Դուք ձեր ելույթում առնվազն մի քանի անգամ ստեցիք, չնայած ես այլեւս չեմ զարմանում։ Սուտ առաջին՝ աշխատանքների համար նախատեսված է 100 միլիոն դրամ, եթե դուք առավել ազնիվ լինեիք, կասեիք, որ ճշգրտված բյուջեով՝ աշխատանքների համար նախատեսված էր 30 միլիոն դրամ։ Սուտ երկրորդ՝ աշխատանքները թերակատարվել են։ 2019 թվականին նախատեսված էր կառուցել 175 թեքահարթակ, կառուցվել է 226՝ 50–ով ավելի։ Հիմա ես չեմ, դուք եք, սա թերակատարո՞ւմ է, թե՞ գերակատարում։ Քանի որ դուք թեմայից անտեղյակ եք, ոլորտն էլ չեք ուսումնասիրել այլ մանրամասներ հատուկ ձեզ համար։ 2 պայմանագիր էր կնքվել, առաջին մայմանգրի գինը կազմել է 17 միլիոն 520 հազար դրամ, հաջորդ պայմանգրի գինը կազմել է 10 միլիոն 350 հազար դրամ։ 2 տոկոսը տեխնիկական հսկողության վրա է ծախսվել եւ խնայվել է շուրջ 13 միլիոն 500 հազար դրամ։ Սա այն պայմաններում, երբ աշխատանքները ոչ միայն չեն թերակատարվել, այլեւ գերակատարվել են, այսինքն 51 ավելի թեքահարթակ ունենք, քան նախատեսել էինք նախորդ տարի»,– ասաց Երիցյանը։

Եզրափակելով խոսքը՝ Երիցյանը խորհուրդ տվեց, որպեսզի նման զգայուն հարցերը չօգտագործեն իրենց քաղաքական նպատակների համար եւ պարզապես հարգեն քաղաքացիներին։