Yerevan Today-ը գրում է.

 «Հեղափոխությունից» հետո  նախկին իշխանության դեմ հարուցված անվերջանալի դատական գործերի շարքում է նաև ԶՈւ Գլխավոր Շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն ըննդեմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի ընթացող դատական պրոցեսը։ Այն, սակայն, ստվերում է մնացել ու ավելի  պասիվ է լուսաբանվում ԶԼՄ-ներում: Պարզվում է՝ Ստեփան Գրիգորյանն առանձնակի ջանքեր է թափում, որպեսզի գոնե իրեն հասու լրագրողական շրջանակներում հնարավորինս կանխի և թույլ չտա թեման ավելի հանրայնացնել՝ պատճառաբանելով, որ իր ռեպուտացիայի համար վտանգավոր թեմա է դա: Բնական է, որ Եվրամիության ու միջազգային մի շարք գրասենյակների հետ համագործակցող քաղաքագետի համար այս ամբողջ գործընթացը, մեղմ ասած, այնքան էլ պատվաբեր չէ իսկ իրականության մեջ կարող է վտանգ դարնալ հետագա գրանտային առաջարկներ ներկայացնելու դեպքում:

Ինքն անձամբ «վտանգավոր» ասելով, հավանաբար, նկատի չի ունեցել բուն դատական գործընթացը, որտեղ, իբրև, պատասխանող կողմ է ներգրավված և ինքն իր արտահայտություների գերին է դարձել երկու տարի շարունակ: Ըստ երևույթին, պարոն Գրիգորյանը լուրջ մտավախություն ունի՝ իր հայտարարությունների հիմքերի մասով:  Ենթադրաբար, նա չէր կանխատեսել գեներալի վարքագիծը․ «հեղափոխությունից» հետո էյֆորիկ շրջանում ասուլիսի ժամանակ էմոցիոնալ, կոշտ քննադատական հայտարարություններ է արել, որոնք հետագայում  պատուհաս են դարձել իր գլխին, ու այսօր, իր համար անսպասելիորեն դարձել են դատական հայցի հիմք ու լուրջ հաղթաթուղթ՝ ողջ գեներալիտետի ձեռքին:

Հիշեցնենք, դատարանում վիճարկվող՝ պարոն Գրիգորյանի հնչեցրած երեք մեղադրական հայտարարությունները վերաբերում են 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին և այդ ընթացքում, մասնավորաբար, Յուրի Խաչատուրովի գործողություններին:

Ստեփան Գրիգորյանը հայտարարել էր, որ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, ապրիլյան պատերազմի օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների, այդ թվում՝ Յուրի Խաչատուրովի կողմից: Օրինակ, Ստեփան Գրիգորյանն ասել է՝ «ԱԱԾ-ին կառաջարկեմ ստուգել Խաչատուրովի հաշիվները», իսկ «տարածքները ձրի չեն հանձնվում» և սրանում ԳՇ այդ ժամանակվա պետի ձեռքերն է տեսել:  Այսինքն, նա ծանր հանցագործության՝ պետական դավաճանության մեջ է մեղադրել Յուրի Խաչատուրովին, սա նաև նրա շահերի պաշտպանի պնդումն է:

Ընդգծենք, դրանցից մեկը արդեն իսկ բացեիբաց հերքվել է հենց Զինված ուժերի Գլխավոր Շտաբի կողմից: Ի պատասխան Խաչատուրովի փաստաբանի հարցմանը, պաշտոնապես հայտարարվել է, որ ապրիլյան պատերազմի առաջին օրը՝ հենց գիշերը, Յուրի Խաչատուրովը 10-15 րոպե հետո գնացել է համապատասխան վայր և 20 օր, ըստ տվյալների, բունկերից դուրս չի եկել:

Ստացվում է՝ գոնե այս մեկի մասով Ստեփան Գրիգորյանի պնդումը՝ որպես զրպարտություն, ապացուցված է մինչև դատական ակտը:

Հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է պատրաստվում պարոն Գրիգորյանը հիմնավորել և ապացուցել իր մյուս պնդումները՝ առ այն, որ Խաչատուրովի կողմից, մինչ ապրիլյան պատերազմը, թշնամուն արդեն իսկ ծախվել էր տարածքները, կամ ինչպե՞ս պիտի ցույց տա պատասխանող կողմը և հիմնավորի այդ ենթադրյալ գործարքի հետևանքով Յուրի Խաչատուրովի ու նրա հարազատների հաշիվներում կուտակված միլիոնավոր դոլարները:

Հիշեցնենք, շուրջ երու տարի անընդհատ հետաձգվող դատական գործընթացի հերթական նիստը 2020 ապրիլի 29 –ին է նշանակված: Նշենք, որ մինչ օրս Ստեփան Գրիգորյանը դատարան չի ներկայացել որևէ անգամ, նույնիսկ կարծիք կա, որ նա խուսափում է ոչ միայն իրեն առնչվող այս դատական գործընթացից, այլև՝ հենց դրա պատճառով նա ավելի քան մեկ տարի չափազանց պասիվացել է գաղաքագիտական-վերլուծական շրջանակներում:

Հիշեցնենք, վերջին՝ մարտի 16-ի նիստին Խաչատուրովի շահերի պաշտպան Անահիտ Սարգսյանը հայտարարել էր, որ ամեն անգամ անհիմն պատճառաբանություններով պատասխանող կողմից միջնորդվում է հետաձգել դատական նիստը, մինչդեռ իր դատավարական իրավունքներից բարեխղճորեն չի կարողանում օգտվել իր պաշտպանյալ գեներալ Խաչատուրովը, և չարաշահվում է նրա իրավունքների իրացումը:

Մեզ հաջողվեց կապ հաստատել պարոն Գրիգորյանի հետ՝ որոշ պարզաբանումների համար: Քաղաքագետը թեև համաձայն չէ այն պնդման հետ, որ ինքը խուսափում է, քանի որ պատուհաս դարձած իր ասուլիսային ելույթի արտահայտությունների հիմքերի բացակայությունը ճնշում է իրեն, հակառակը, չի հրաժարվում իր հայտարարություններից և խոստանոմ է՝ նիստերից մեկին անձամբ կներկայանա ու իր հիմնավորումները կներկայացնի երեք վիճահարույց հայտարարությունների մասով: Հաշտության գնալու և իր ունեցած ապացուցողական բազային վերաբերող հացերին պարոն Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել՝ հիմնավորելով, որ եթե ավելին ասի, ապա իր պաշտպանի հետ ձեռքբերած պայմանավորվածությունը կխախտի:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար գեներալ Յուրի Խաչատուրովն արդեն երկու տարի է, ինչ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի միջոցով  փորձում է պատասխանատվության ենթարկել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին՝ բանակի և իր՝ գեներալ-գնդապետի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար: Գեներալը 2 միլիոն դրամ բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում, դատական ծախսերի փոխհատուցում և հրապարակային հերքում «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանից»: