ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայի իրավիճակը եւ ռուս-թուրքական համաձայնությունների իրականացումը:

«Քննարկվել են սիրիական Սահմանադրական կոմիտեի շրջանակում քաղաքական պրոցեսի առաջընթացի հարցերը, ինչպես նաեւ Սիրիային տրամադրվող մարդասիրական աջակցության հարցը»,- հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Պուտին Ասադին շնորհավորել է գալիք մուսուլմանական տոնի՝ Մուհամեդ մարգարեի համբարձման կապակցությամբ:

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը մարտի 5-ին Մոսկվայում կայացած բանակցություններում պայմանավորվել են հրադադարի հաստատման եւ մի շարք այլ միջոցառումների մասին, որոնք ուղղված են իրավիճակի կարգավորմանը Իդլիբում: Նրանց կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են, որ այս տարածաշրջանում ռազմական գործողությունները դադարեցվելու են շփման գծի ողջ երկայնքով` մարտի 6-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո: Մարտի 15-ից Ռուսաստանի Դաշնությունը եւ Թուրքիան համատեղ պարեկություն կիրականացնեն Մ-4 մայրուղու վրա, որի երկայնքով անվտանգության միջանցք կստեղծվի: Մոսկվան եւ Անկարան վերահաստատել են իրենց` Սիրիայի ինքնիշխանության պահպանմանն ուղղված հանձնառությունը եւ պայմանավորվել են շարունակել վճռական պայքարը ահաբեկչության դեմ: