Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 136 հաստատված դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Հիշեցնենք, որ Նախարարության հիվանդությունների ևվերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանում մարտի 20-ին՝ ժամը 10-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 136 դեպք է գրանցվել:

Աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 10 հազար 47-ի: Վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է 245 881, առողջացածների՝ 88 465: Վերջին տվյալով՝ Իտալիայում կորոնավիրուսի հետեւանքով մահացությունն անցել է Չինաստանում մահացությունից. 3405 մահ՝ 3248-ի դիմաց: Իրանում գրանցվել է վարակման 18 407 եւ մահվան 1284 դեպք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է նորանշանակ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին եւ ոստիկանապետ Արման Սարգսյանին, ասել, թե որ գործոնն է  էական նշանակություն ունեցել նրանց  վերանշանակման գործում։ Նրանք չեն փորձել քողարկել ու թաքցնել այն խնդիրները, որոնք այսօր առկա են: «Դա վստահություն է ներշնչում, որ դուք հետեւողական կլինեք այդ խնդիրները լուծելու համար»,- ասել է վարչապետը:

Էդուարդ Մարտիրոսյանը հայտարարել է, որ ծառայությունն Ազգային անվտանգության մարմիններում եւ ծառայությունը հայ ժողովրդին իր համար մեծ պատիվ է: Նա հավաստիացրել է, որ անելու է ամենը, Հայաստանի և Արցախի Հանրապետություններ, նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների անվտանգության համար: Ոստիկանության պետ Արման Սարգսյանն էլ աասել է, որ երկրի հասարակական անվտանգության և հանցավորության դեմ պայքարի դեմ տարվող պայքարի առաջնահերթություն պետք է դիտել նաև համակարգի ինքնամաքրման գործընթացը։ 

Երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակից ժամանակակից կապի միջոցներով ամենօրյա շփման մեջ է իր գլխավորած քաղաքական ուժի ղեկավար կազմի, համակիրների հետ, ուշի-ուշով հետեւում կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում տեղի ունեցող զարգացումներին եւ այդ տեսանկյունից` ներհայաստանյան իրավիճակին: Երրորդ նախագահի գրասենյակը հայտարարել է, որ պետական կառավարման փորձ ու գիտելիք ունեցող՝ կուսակցականներն ու մասնագետները վերլուծում եւ առաջարկներ են մշակում ստեղծված իրավիճակում պետական պաշտպանության եւ այլ ոլորտների համար:

Անդրադառնալով Կառավարության կողմից 150 միլիարդ դրամի աջակցության փաթեթի գործարկմանը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է, որ այսօր չպետք է սահամանփակվենք զուտ հակաճգնաժամային միջոցառումներով։ Ճգնաժամը չպետք է առաջացնի որեւէ դեպրեսիա, թե գործարարների, թե հասարակության շրջանում, ասել է նա։ Փոխվարչապետի խոսքով՝ գործարարների համար բյուջեի շրջանակը 25 միլիարդ դրամ է։

Կենտրոնական բանկը հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, այսօր ունի բավականին բարձր միջազգային պահուստներ եւ բազմաշերտ գործիքակազմ, որ կարողանա ապահովել արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից, որը այս պահին տեղի չի ունենա, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը: Նա հիշեցրել է, որ գլխավոր դրամատունը 2014-ին շատ հաջող կերպով դուրս եկավ շատ ավելի վատ իրավիճակից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ՝ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի: «Առաքելություն Հայաստան» և «Գերմանական Կարմիր խաչ» ընկերությունները սկսել են տարեցներին անհրաժեշտ սնունդով ապահովման ծրագիրը: «Գերմանական Կարմիր Խաչը» մեկամսյա սննդով կապահովի 215 միայնակ տարեցի, մնացյալին «Առաքելություն Հայաստանը»:

ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն»  հաշվին մարտի 20-ի, ժամը 18-ի դրությամբ մուտքերը կազմել են 321 միլիոն 168 հազար դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 1355:

Ճիշտ չէ, որ առանց մագիստրատուրայի միայն բակալավրով անձը դառնա դատավոր, Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ասել է նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցությունից Արթուր Դավթյանը։ ՍԴ դատավոր դառնալու համար կա պահանջ՝ ունենալ բարձրագույն իրավաբանի կրթություն,15 տարվա ստաժ եւ 40 տարին լրացած լինի։ Այսինքն մենք ՍԴ դատավորի նկատմամբ ավելի մեղմ պահանջներ ունենք, քան Առաջին ատյանի դատավորի համար։

Եթե մարդը բազային կրթություն չի ստացել, ապա իրեն մագիստրատուրայի դիպլոմը այնքան է պետք, որքան հիմա ինձ՝ Չինաստանի ուղեգիրը, նույն նիստին ասել է ԲՀԿ-ից Գեւորգ Պետրոսյանը։ Ըստ նրա՝ պրակտիկ աշխատանքը շատ ավելի մեծ բան է տալիս, քան  2 տարվա մագիստրոսական ուսուցումը։

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշել է բավարարել հետախուզվող Լևոն Սարգսյանին կամ Ալրաղացի Լյովիկին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու մասին գլխավոր դատախազության միջնորդությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ոստիկանությանը հանձնարարվել է կազմակերպել Լեւոն Սարգսյանի տեղափոխումը»,- նշել է նա:

Ֆուտբոլի Հայստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, իսպանացի Խոակին Կապարոսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ հարցազրույցում հայտարարել է, թե խանդավառված է Հայաստանում աշխատելու կապակցությամբ և ցանկանում է իր լուման ներդնել հայկական ֆուտբոլի հետագա զարգացման հարցում: Գիտեմ, թե ինչ մեծ ցանկությամբ են Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստները գալիս հավաքական և ինչ հպարտությամբ են կրում ազգային թիմի մարզաշապիկը, ասել է նա, խոսել նաեւ ազգային թիմի առաջատարի մասին:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.36 դրամով ու հասել  493.58 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.37 դրամով  ու կազմել  529.12 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 12.68 դրամով ու հասել 579.91 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.19 դրամով ու կազմել 6.34 դրամ։

Մարտի 21-ին ու 22-ին երկրի որոշ շրջաններում սպասվում են տեղումներ։ Մարտի 23-25-ը տեղումներ չեն լինի։ Օդի ջերմաստիճանը մարտի 23-ից 25-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Երեւանում եւս սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 21-ի ցերեկը Երեւանում կլինի +12-ից +14, գիշերը 3-ից 5 աստիճան զրոյից բարձր։