Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում անցկացվող միջոցառումներին է միացել նաեւ Պոլսո Հայոց պատրիարքարանը:

Միջոցառումների շրջանակում մարտի 22-ին պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի անցկացրած կիրակնօրյա առցանց պատարագը հեռարձակվել է պատրիարքության Facebook-ի պաշտոնական էջում:

Այս քայլի նպատակն է եղել հավատացյալներին հեռակա կարգով պատարագին մասնակից դարձնելը:

«Ելնելով ստեղծված իրավիճակից` մենք պետք է ինչ-որ բան անեինք, եւ ընտրեցինք այսօրվա տեխնոլոգիաները, ու սոցիալական մեդիայի միջոցով կապ հաստատեցինք ձեզ հետ: Մեր միջոցառումներին եւ քարոզներին կարող եք հետեւել տնից: Դուք չեք կարող եկեղեցի գալ, եւ մենք որոշել ենք եկեղեցին բերել ձեր տուն»,- համայնքին ուղղված իր խոսքում ասել է Պոլսո Հայոց պատրիարքը: