Եթե Կոնգրեսը սատարի Սպիտակ տան մոտեցմանը եւ դադարեցնի օգնությունը Ղարաբաղին, ապա դա ուղերձ կլինի Ադրբեջանին, որ Միացյալ Նահանգները լիովին կիսում է Բաքվի դիրքորոշումը հակահայկական քաղաքականության եւ հրադադարի ռեժիմի խախտման հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Ըստ նրա` Վաշինգտոնը դրանով կկորցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի` արդար եւ չեզոք միջնորդի կարգավիճակը` հաշվի առնելով ձգտումը մեծացնել Ադրբեջանին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը  եւ միևնույն ժամանակ կրճատել առանց այդ էլ չնչին` ընդամենը մի քանի միլիոն դոլարի չափով հումանիտար օգնությունը Ղարաբաղին: «Այս ամենը չի նպաստի բանակցային գործընթացին, քանի որ «կանաչ լույս» կվառի Ալիեւի առջեւ` հակահայկական քաղաքականություն իրականացնելու համար: Սա ոչ միայն լուռ համաձայնությունը կնշանակի ԱՄՆ-ի կողմից նման իրողությունների հետ, այլ նաեւ` կողմերից մեկի վրա ճնշում գործադրել», - ընդգծել է նա:

Մանոյանը նշել է, որ սա առաջին անգամը չէ, երբ Ադրբեջանը դեմ է արտահայտվում Թրամփի վարչակազմի դիրքորոշմանը եւ փորձում է այն փոխել: «Անցյալ տարի ադրբեջանական լոբբին մոտ էր իր նպատակին հասնելուն, որպեսզի օգնությունը չեղյալ հայտարարվի կամ կրճատվի: Ինչպես տեսնում ենք, այդ աշխատանքները տարվում են նաեւ այսօր այն բանի ֆոնին, որ Սպիտակ տունը փոխել է իր դիրքորոշումը՝ դա բացատրելով այն փաստով, որ ականազերծումը, իբր, պետք է արդեն ավարտված լիներ, ինչն իրականությանը չի համապատասխանում: Այս ամենը Երեւանին որոշակի ուղերձներ ուղղելու փորձերի է նման: Չի բացառվում, որ նման որոշումը կարող է պայմանավորված լինել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի տարբեր դիրքորոշումներով` տարածաշրջանում տեղի ունեցող որոշ գործընթացների վերաբերյալ: Ուստի ադրբեջանական լոբբիի ազդեցությունը չի կարող միակ պատճառը լինել նրա, որ Սպիտակ տան դիրքորոշումն այսօր արդեն համընկնում է Բաքվի դիրքորոշման հետ»,- ասել է նա:

Կիրո Մանոյանը հիշեցրել է, որ ԱՄՆ 23 նահանգներից 75 կոնգրեսականներ նամակ են ստորագրել` ի աջակցություն 2021 թվականին Հայաստանին եւ Ղարաբաղին ցուցաբերվող օգնությունը մեծացնելուն: «Հայ Դատը աշխատում է այս դիրքորոշման, ինչպես նաեւ Ղարաբաղի համար ֆինանսավորումը կրճատելու դեմ դիրքորոշման օգտին ավելի մեծ թվով խորհրդարանականներ ներգրավելու ուղղությամբ»,- եզրափակել է նա:

Նշենք, որ ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդը որոշում էր կայացրել կրճատել ականազերծման ծրագիրը Ղարաբաղում: