SpaceX-ը Starlink-ի համար կտեղակայի միլիոնավոր վերգետնյա ալեհավաքների ցանց, հայտնում է CNBC-ն:

ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովը (FCC) Իլոն Մասկի SpaceX ընկերությանը պաշտոնական թույլտվություն է տվել Starlink նախագծի համար ստեղծելու միլիոնավոր վերգետնյա ալեհավաքների ցանց:

Մինչեւ վերջ պարզ չէ, թե Starlink-ն ինչպես է օգտագործելու այդ վերգետնյա ալեհավաքները: Մասկի խոսքով՝ դրանց օգտագործման համար հատուկ գիտելիքների կարիք չկա. «Մեր նպատակն է այնպես անել, որ անհրաժեշտ լինի կատարել միայն 2 գործողություն ցանկացած հերթականությամբ՝ ուղղել երկինք եւ միացնել»:

Ընկերությունն արդեն հիմա Երկրի ուղեծիր է դուրս բերել Starlink-ի 350 արբանյակներ: Իլոն Մասկը մինչեւ տարեվերջ ուղեծիր դուրս կբերի եւս 180 արբանյակներ, իսկ 2021 թվականին նախատեսում է գործարկել ԱՄՆ եւ Կանադայի տարածքում արբանյակային համացանցի համակարգի թեստային շահագործումը:

2019 թվականին SpaceX-ը ցածր մերձերկրային ուղեծիր էր դուրս բերել Starlink-ի 60 արբանյակից կազմված 2 խմբաքանակ: Ընկերությունը ցանկանում է ընդհանուր տեղակայել 12 հազար տիեզերական սարքեր լիամասշտաբ ցանց ստեղծելու համար, որը թույլ կտա Երկրի ցանկացած կետում մոլորակի բնակիչների համար ապահովել համացանցին լայնաշերտ հասանելիություն:

Արձակված արբանյակներն ապագայում պետք է ստեղծեն InternetX ցանցը: Ընկերության ղեկավար Իլոն Մասկն ավելի վաղ հայտարարել էր, որ արբանյակներից տրամադրվող ինտերնետը աշխատելու է 40 անգամ ավելի արագ, քան երկրի վրա ցանկացած օպերատոր: Սարքերն աշխատելու են 550 կմ բարձրության վրա: