Մենք արտակարգ դրություն ենք հայտարարել, բայց փողոցներում տեսնում ենք բազմաթիվ մարդիկ, կյանքը շարունակվում է, վարակակիրների թիվն օրեցօր ավելանում է, իսկ ավելանում է, որովհետեւ այս ձեւով ենք վերաբերվում ամեն ինչին: Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ նիստի ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ով առաջարկում է քվորում չապահովել, որպեսզի ԱԺ նիստեր չկայանան, եւ պատգամավորները ամերով չմնան նույն դահլիճում:

«Ես ուզում եմ պատմել մի երկրի օրինակ. թիվ 31-րդ վարակակիրը գնում է ծնունդի, որից հետո երկրի բնակչության 60 տոկոսին վարակողն է ինքը դառնում: Մենք հիմա պատգամավորներ ունենք, որ Ֆրանսիայից կամ այլ երկրներից եկել են 14 օր չեն ինքնամեկուսացել: Եթե մենք լուրջ չենք վերաբերվում սրան, ժողովուրդը ո՞նց պետք է լուրջ վերաբերվի: Ասում են՝ սուտ բան ա, այ ախպեր, ոչ իմ բան չկա, ու օրեցօր 30-40-ով վարակակիրներն ավելանում են: Իմ ասածը հետեւյալն է. օրակարգում մենք չունենք այնպիսի հարց, որ օրհասական է եւ հենց հիմա պետք է որոշենք: Իմ առաջարկն է ԱԺ խորհուրդը մնա աշխատի, իսկ խորհրդարանի պատգմավորներին ու աշխատողներին տուն ուղարկենք: Եթե մենք հիմա նիստ անենք, ԱԺ 400-700 աշխատող պետք է գա աշխատի եւ մենք վատ օրինակ ենք ծառայում: Հիմա կարող ենք 20 րոպե ընդմիջում հայտարարել, հարցը խմբակցություններով քննարկել: Եթե համաձայն չեք, կաշխատենք»:

Այս առաջարկը աջակցություն չգտամ ԱԺ պատգամավորների շրջանում եւ ԱԺ-ն շարունակեց իր աշխատանքը: