Հայաստանի կառավարությունը, ցեմենտի եւ կլինկերի շուկայում գների աննախադեպ անկման պատճառով, առաջարկում է երկարաձգել «սահմանափակումները» Իրանից եւ մի շարք այլ երկրներից ցեմենտի ներկրման համար: Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովի նիստին «Պետական տուրքերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

Փոխնախարարը, մասնավորապես, պարզաբանեց որ խոսքն Իրանից ցեմենտի ներկրման համար սահմանափակումներ մտցնելու մասին է: Հայաստանի կառավարությունը մեկ տարի առաջ խորհրդարանի աջակցությամբ մաքսատուրք էր սահմանել Իրանից եւ մի քանի այլ երկրներից ցեմենտի ներմուծման համար, որը մեկ տոննայի դիմաց 14 հազար դրամ էր կազմում: Այս սահմանափակումը պետք է վերացվեր արդեն ապրիլին, սակայն այժմ կառավարությունն առաջարկում է այն երկարաձգել մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը, սակայն` վերանայման եւ նշված ժամանակահատվածի կրճատման հնարավորությամբ:

Ավանեսյանը նշեց, որ վերջին երկու տարվա ընթացքում իրանական ռիալը լրջորեն արժեզրկվել է, իսկ Իսլամական հանրապետության դեմ Արեւմուտքի կողմից կիրառված պատժամիջոցների պատճառով այս երկրի տնտեսական մոդելն էական փոփոխությունների է ենթարկվել, ինչն էներգակիրների` բնական գազի եւ էլեկտրականության գների անկման է հանգեցրել:

«Քանի որ իրանցիները պատժամիջոցների պատճառով չեն կարող ապահովել այդ էներգակիրների արտահանումը, նրանք ստիպված են փոխհատուցել դա իրենց սեփական արտադրանքի ապրանքների արտահանմամբ, որոնց նկատմամբ որեւէ սահմանափակում չկա: Ցեմենտը ներառված է այդ ապրանքների ցանկում»,- պարզաբանեց փոխնախարարը: Այս ամենը, նրա խոսքով, հանգեցրել է նրան, որ ցեմենտի շուկայում կարող է արտադրողների համար հավասար մրցակցային հնարավորությունների ապահովման համար վտանգ առաջանա, եւ, հետեւաբար, ՀՀ կառավարությունը որոշեց երկարաձգել իրանական ցեմենտի ներմուծման համար մաքսատուրքերի գործողության ժամկետը` տեղական արտադրողներին աջակցելու նպատակով:

Նշենք, որ Հայաստանում գործում է ընդամենը երկու ցեմենտի գործարան՝ Հրազդան եւ Արարատ քաղաքներում (վերջինս պատկանում է օլիգարխ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին):