Ազգային ժողովի նիստում այսօր՝ մարտի 24-ին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը առաջարկեց քվորում չապահովել, որպեսզի ԱԺ նիստերը չկայանան, քանի որ նիստի գալով իրենք վատ օրինակ են ծառայում քաղաքացիների համար: Նա հավելեց, որ ԱԺ հերթական նիստերի օրակարգում չկան հրատապ անհետաձգելի հարցեր:

Նրա ելույթից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից բացականչեց. «Առաջարկում եմ Ազգային ժողովը ցրել»:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, որ ԱԺ-ն ոչ միայն օրենսդրության շրջանակներում է իր գործունեությունը ծավալում. «Մենք այսօր ունենք հայտարարությունների ժամ, վաղը ունենք կառավարության հետ հարցուպատասխանի ֆորմատ»:

Նշենք, որ ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 25 հարց: