Ես այս առաջարկը չէի անում, որ քաղաքականացվի եւ ինքնահաստատման փորձի վերածվի։ Այս մասին այսօր՝ մարտի 24–ին, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ԱԺ-ում քվորում չապահովելու եւ նիստեր չանցկացնելու իր առաջարկությանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի արձագանքին:

Նշենք, որ Մխիթար Հայրապետյանը հիշեցրել էր, որ երեկ ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ ԱԺ աշխատակազմը հերթափոխով է գալիս գործի, բացի այդ՝ խոցելի, թիրախային խումբը եւս չի գալիս աշխատանքի. «Կարծում եմ ավելի ճիշտ կլիներ, որպեսզի ոչ թե ելույթով նշել, որ 700–800 մարդ գալիս է աշխատանքի, այլ հաշվի առնել այն տեղեկատվությունը, որ երեկ ԱԺ նախագահը, իհարկե ոչ տեսախցիկների առջեւ, բայց հայտնել էր խորհրդի անդամներին»,-ընդգծել էր «»Իմ քայլի» պատգամավորը:

Մարուքյանի խոսքով՝ երեկ՝ ԱԺ խորհրդի նիստից հետո, ՀՀ վարչապետը արտակարգ հայտարարությամբ է հանդես եկել եւ իր առաջարկը բխում է այդ հայտարարությունից հետո երկրում խստացվող ռեժիի իրավիճակից. «Իսկ ԱԺ խորհրդի նիստում այո, մենք քննարկել ենք, որ 60–ից բարձր պատգամավորները կամ խորհրդարանի աշխատողները կարող են չգալ։ Դրա մասին չէ գնում խոսքը, Մխիթար ջան, դրա համար հարցը, որ քաղաքականացնում եք, մի հատ մտածեք»,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանի հայտարարությանն արձագանքեց նաեւ Մխիթար Հայրապետյանը. «Պարոն Մարուքյան, եղբայր, տեսեք խնդիրը հետեւյալն է. երեկ՝ խորհրդի նիստում, քննարկել ենք օրակարգը եւ հաջորդականությունը, ընկերս։ Բանն այն է, որ եթե քաղաքական պայմանավորվածության մասին էր խոսքը, եղբայր, ապա կարելի էր ոչ թե ամբիոնից գալ եւ ներկայացնել, այլ 3 խմբակցությունների ղեկավարներին հրավիրել, խոսել այդ մասին, ոչ թե, երբ երեկ կողմ եք քվեարկել եւ ոչ մի բառ էլ չեք ասել, ընկեր ջան եւ ոչ թե գալ եւ ասել, որ ես ինքնահաստատվում եմ ձեր հաշվին։ Աստված չանի այդ օրն ընկնեմ, որ ձեր հույսին մնամ»։