NEWS.am-ի տեղեկություններով` «Գլորիա» կարի ֆաբրիկան աշխատում է արտակարգ իրավիճակի պայմաններում: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին նաեւ արտադրամասի աշխատակիցները, սակայն մանրամասնել չցանկացան: Նրանք խնդրեցին կապ հաստատել տնօրենի հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով հայտարարեց, որ արտակարգ իրավիճակի պայմաններում լինելու են խստացումներ: Փակվելու են սրճարաններ, ռեստորաններ, կդադարեն շինարարական աշխատանքները եւ չեն գործի թեթեւ արդյունաբերության մի շարք ճյուղեր:

Նշենք, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը եւս հայտարարել էր, որ առավոտվանից չեն աշխատելու Վանաձորի թեթեւ արդյունաբերության եւ տեքստիլ արդյունաբերության հիմնարկները, մասնավորապես, «Գլորիա» ֆաբրիկան եւ կարի արտադրության այլ հիմնարկներ, փակ կլինեն ռեստորաններն ու սրճարանները։

Հիշեցնենք, որ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 235 դեպք, հիվանդներից 26-ն ունի թոքաբորբ:  Ապաքինվել է 2 պացիենտ:

Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: