Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի եւ չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», հերթական ապատեղեկատվություն է:

Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետեւում են հրադադարի պահպանման ռեժիմին: Ավելին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն:

Ուստի կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից եւ չգնալ հետագա լարման»: