Պարետատունը այդ բոլոր հարցերը քննարկում է եւ առաջիկայում հանդես կգան իրավիճակից բխող առաջարկներով: Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադառնալով նրան, որ արտակարգ դրության պայմանները խստացնելու հետեւանքով հազարավոր մարդիկ չեն կարողանալու հաճախել իրենց աշխատանքի վայրեր, հետեւաբար նաեւ եկամուտ չեն ունենալու:

«Գիտեք, որ մշակվում են փաթեթներ, այսպես կոչված, անվտանգության բարձիկներ, որ այն պատասխանատվությունը, որ ունի իշխանությունը այդ առումով, դրանք անպայման կկատարի: Այսինքն մշակվում են գործիքներ, որոնցով աջակցություն կլինի այս իրավիճակում թե բիզնեսին, թե հարկատուներին, թե աշխատողներին:

Հասկանալի է, որ այս իրավիճակում բոլորն են այս կամ այն չափով տուժում, հետեւաբար, յուրաքանչյուրս մեր չափով պետք է փորձենք թեթեւացնել պետության բեռը: Բայց դա չի նշանակում, որ պետությունը իր պարտավորությունները չի կատարում եւ չի կատարելու: Առաջիկայում կներկայացվեն այն առաջարկները, որոնք այս պայմաններում հաղթահարման մեխանիզմներ կլինեն բացասական հետեւանքները մեղմելու առումով»,-ասաց Մակունցը:

Հարցին, թե պետությունը կկարողանա՞ պարապուրդի մատնված բոլոր քաղաքացիների աշխատավարձը տալ, պատգամավորը պատասխանեց. «Մենք ունենք հարկադիր պարապուրդի հետ կապված օրենք, սակայն այս իրավիճակում անհրաժեշտություն կա լրացուցիչ նախագիծ ունենալու, որի ուղղությամբ կառավարությունն աշխատում է եւ առաջիկայում կունենանք դա: Մնացածյալը սպասենք նախագծերի փաթեթին»:

Դիտարկմանը, թե ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն արդյունավետ չի համարում Կառավարության ձեռնարկած միջոցառումները, մասնավորապես՝ 150 մլրդ դրամի վարկերի տրամադրումը այն քաղաքացիներին, որոնց բիզնեսը տուժել է, եւ առաջարկում է քաղաքացիներին առձեռն փոխանցվեն գումարները, Մակունցն արձագանքեց. «Այն գործողությունները, որոնք ձեռնարկում է Կառավարությունը, ես լրիվ արդարացված եմ համարում, որովհետեւ քաղաքացիներին այդ գումարները տալը նշանակում է պարզապես սոցիալական բեռ թեթեւացնել, որն ուղղակի այդ պահին ծախսվելու է եւ ոչինչ չի տալու»: