Առայժմ անհնար է ասել, թե գործազրկության ինչ ցուցանիշներ կգրանցվեն Հայաստանում կորոնավիրուսի տարածման հարուցած ճգնաժամի հետեւանքով: Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

Նա հավելեց, որ փոփոխությունները, այդ թվում՝ աշխատակիցների հնարավոր կրճատումները միանգամից չեն լինի, համապատասխանաբար տեղեկությունների վերլուծության համար եւս ժամանակ է հարկավոր: «Կփորձենք իրավիճակն ուսումնասիրել հնարավորինս սեղմ ժամկետում, որ հասկանանք, թե աշխատանքի շուկայում ինչպիսի վերադասավորումներ կլինեն եւ պետությունն ինչպես կկարողանա օժանդակել խոցելի խմբերին: Այդպիսի քաղաքացիներին կառաջարկվի մասնակցել բնակչության զբաղվածության ապահովման պետական ծրագրերին»,- նշեց պաշտոնյան: