Կարծում եմ տեղեկատվությունը պետք է թափանցիկ տրվի, որքան ասենք, որ ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք, այնքան վարակը տարածվելու է։ Այս մասին այսօր՝ մարտի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճապազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, որ վարչապետը երեկ ներկայացրեց վարկաման նոր դեպքերի մասին, նշեց թաղամաս, բայց կոնկրետ չնշեց, թե որ արտադրամասերի մասին էր խոսքը, սա արդյոք խուճապ չի՞ առաջացնում մարդկանց մոտ։

Մարուքյանի խոսքով՝ պետք է այս ամենին շատ լուրջ վերաբերվել. «Այսօրվա իմ առաջարկն էլ նույն այդ գծից էր, դե հիմա չընդունվեց–չընդունվեց, կաշխատենք։ Առաջարկը նրա մասին էր, որ մենք գանք, դուք չգաք, բայց հիմա մենք էլ կգանք, դուք էլ կգաք, հետո մեկը կհիվանդանա, կիմանան։ Կարծում եմ այս ամենին պետք է լրջություն հաղորդել եւ այն արձագանքը, որ եղավ իմ առաջարկի վերաբերյալ խոսում էր այն մասին, որ մենք անլուրջ ենք վերաբերվում այս ամենին։ Անիմաստ հերոսանալու կոչերն ուղղակի անլուրջ էր»։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջարկությամբ հանդես եկավ. «Ես կարծում եմ, որ այսօր 132 պատգամավորներով հավաքվելով եւ մեր աշխատողներին այստեղ հրավիրելով վատ օրինակ ենք ծառայում մանավանդ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո: Առաջարկում եմ խմբակցություններով քննարկել ԱԺ-ում մնանք միայն ԱԺ խորհրդի անդամներով, հիմա քվորում չապահովենք, չհաստատենք օրակարգը, եւ այդ ճանապարհով նիստերը չիրականացնենք: Առավել եւս, որ որեւէ հրատապ նախագիծ չունենք, որը կապված է արտակարգ դրության ռեժիմի հետ: Աշխարհի խորհրդարանները հիմա գործում են միայն այն դեպքերում, որտեղ արտակարգ դրության կամ տնտեսությունը փրկելու վերաբերյալ նախագծեր են քննարկվում»։