Ես հետեւում եմ Առողջապահության նախարարութան առաջարկած կանոններին, որտեղ դիմակներ առաջարկվում է կրել այն մարդկանց, որոնք որոշակի թուլություն են զգում, վատառողջ են, հարբուխ ունեն եւ այլն: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին էլ՝ ինչու պատգամավորները չեն պահպանում անվտանգության կանոնները, դիմակներ ու ձեռնոցներ չեն կրում:

«Քանի որ ես այս պահին ամբողջովին ինձ առողջ եմ զգում, այդ պատճառով չեմ կրում դիմակ»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյոք պատգամավորները նաեւ այս առումով չպետք է օրինակ ծառայեն եւ դիմակներով, ձեռնոցներով ներկայանան աշխատանքի, Մակունցն արձագանքեց. «Դիմակներով մի քիչ ձայնը լավ չի լսվում, նաեւ քաղաքացիների հետ էկրանից շփվելու առումով էսպես հարմար է, բայց կընդունեմ ի գիտություն ձեր առաջարկը:

Մեր աշխատասենյակներում գրեթե բոլորս ձեռնոցներով ենք: Ախտահանող նյութեր կան ամեն քայլափոխի, որն օգնում է պահպանել հիգիենայի կանոնները»: