«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 50 մլն ՀՀ դրամ է փոխանցել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, որտեղ բուժում են ստանում կորոնովիրուսով վարակված Հայաստանի քաղաքացիները:

Տրամադրված գումարի հիմնական մասը կուղղվի հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսմանը, մնացած մասը՝ հիվանդանոցի՝ ժամանակակից սարքավորումներով վերազինմանը։

Եվս 50 մլն դրամ կփոխանցվի ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը նախկինում եւս օժանդակել է կորոնավիրուսի դեմ պայքարին: Այսպես, մարտի 16-ին հիմնադրամը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ Հայաստանում գործող տարեցների շուրջօրյա խնամքի թվով 5 խնամքի կենտրոններին (Երեւանի Նորքի եւ թիվ 1 տուն-ինտերնատներ, Գյումրու եւ Վարդենիսի տուն-ինտերնատներ, «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ), ինչպես նաեւ Էջմիածնի քաղաքապետարանին ապահովել է որոշակի քանակության դիմակներով, ձեռնոցներով, ալկոգելերով ու ախտահանիչ միջոցներով: Նմանատիպ օժանդակություն նախատեսվում է ցուցաբերել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանը: