Հայոց ցեղասպանությունն աղերսներ ունի 1940-ականներին Գերմանիայում տեղի ունեցած հրեական Հոլոքոստի հետ: Այդ մասին Ծիծեռնակաբերդի բարձունքում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդտը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Կարեւոր է իմանալ այն, ինչ տեղի է ունեցել 1915թ. առաջ եւ հետո»,- նշել է դեսպանը: Նա նշել նաեւ, որ  մայիսի 2-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Երեւանում բացվելու է «Լեփսիուսի տուն»: «Յոհաննես Լեփսիուսը մեծ դեր ունի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, նկարագրել է այդ ահավոր իրադարձությունները»,- նշել է նա:

Նշենք, որ այսօր` ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է 1915-23 թթ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: 1915 թվականի այս օրը Օսմանյան Թուրքիայի ղեկավարության հրամանով սպանվեց Ստամբուլի մտավորականությունը, այնուհետեւ տեղի ունեցան զանգվածային կոտորածներ: Երկրի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց իր բնօրրանից ու քշվեց դեպի Դեր Զորի անապատները, ճանապարհին ոչնչանալով: Ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 մլն հայ:

Հիշեցնենք նաեւ, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, ԱՐգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: