Ազատումները հիմնականում կապված են հաստիքների կրճատման հետ, այդ թվում՝ ելնելով այն ահազանգերի բովանդակությունից, որ մենք ստանում ենք, ինչը, սակայն, գործատուին ձեռնտու չէ: Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

Պաշտոնյան նշեց, որ եթե դա այդպես է, ապա գործատուն պարտավոր է աշխատակցին իրազեկել դրանից 60 օր առաջ, հակառակ դեպքում նրան կարող են տուգանել, ուստի այս հիմնավորմամբ ազատելը գործատուին ձեռնտու չէ:

Նա հավելեց, որ ըստ օրենքի՝ եթե աշխատակիցը համաձայն չէ ազատելու պատճառներին եւ հիմնավորումներին, 2 ամսվա ընթացքում կարող է դիմել դատարան իր աշխատանքային իրավունքների վերականգնման համար: «Հիմա ծագող բոլոր հարցերը լուծում ենք դրանց հասանելիության չափով: Աշխատանքային օրենսգրքի դրույթների պահպանման ավելի հստակ վերահսկման նպատակով նախատեսվում է 2021 թվականին համապատասխան համակարգ ներդնել, որը կնպաստի առաջացող վեճերի եւ խնդիրների ավելի օպերատիվ արձագանքմանը»,- շեշտեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ եթե գործատուն որոշել է աշխատավարձ չվճարել այն պատճառով, որ իր գործունեությունը դադարեցնում է, որը ոչ մի կերպ սահմանափակված չէր, ապա նա պետք է աշխատակցին վճարի նրան հասանելիք աշխատավարձը եւ այլ վճարումները, քանի որ նա հարկադիր պարապուրդում սեփական կամքով չի հայտնվել: «Դրանից բացի, առաջանում են նաեւ գործատուին ներկայացվող հարկային պարտավորությունների հարցերը»,- նշեց պաշտոնյան:

Ժորա Սարգսյանը նաեւ հավելեց, որ եթե աշխատակիցը չի ցանկանում չվճարվող արձակուրդ գնալ, ապա գործատուն չի կարող նրան պարտավորեցնել դա անել: Այդպիսի որոշում կարող է կայացվել միայն փոխադարձ համաձայնությամբ: