Եթե ժամանակին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նույն կերպ վարվեին, ինչպես այժմ վարվում են ՀՀ իշխանությունները, նա պատիժ կկրեր: Այս մասին մարտի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Փաստաբանը հիշեցրեց, որ ավելի վաղ նախկին նախագահի պաշտպանությունը բազմիցս ներկայացրել է փաստարկներ նախկին ՔՕ 300-րդ եւ ներկայիս 300.1-րդ հոդվածի ոչ միանշանակ լինելու մասին: Հիշեցնենք, որ ժամանակին «յոթի գործով», ինչպես նաեւ գործող վարչապետին մեղադրանք էր առաջադրվել 300-րդ հոդվածով, սակայն դրանից հետո ՔՕ փոփոխություններ էին տեղի ունեցել, եւ դատախազությունը համարել էր, որ հոդվածները անհավասար են, եւ 300.1-րդ հոդվածը վատթարացնում է մեղադրյալի կարգավիճակը: Սակայն Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրանքը համաձայն չէ այդ փաստարկի հետ:

«Եթե ժամանակին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նույն կերպ վարվեին, ինչպես այժմ վարվում են ՀՀ իշխանությունները, նա պատիժ կկրեր, ինչպես եւ այն յոթը: Եվ եթե 300.1-րդ հոդվածը նույն նախկին 300-րդ հոդվածն է, ապա դա նշանակում է, որ այսօր նրանք պետք է պատիժ կրեին»,- ընդգծեց փաստաբանը:

Նա նկատեց, որ պաշտպանության կողմը պնդում է, որ բացակայում են հիմնավոր մտավախություններն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը կարող էր թաքնվել դատարանից: «Դատարանը եւս համաձայնել է դրա հետ: Գործընթացին խոչընդոտելու հավանականություն չկա: Դա հաստատում է այն, որ Ռոբերտ Քոչարյանի՝ ազատության մեջ (դատարանի որոշումների միջեւ) գտնվելու ժամանակ դատախազությունը չի արձանագրել դատարանի վրա որեւէ ճնշման դեպք: Այդ պայմաններում դատավարությանը խոչընդոտելու մասին խոսելն իրավական անհեթեթություն է»,- հայտարարեց փաստաբանը՝ հիշեցնելով, որ նախկին նախագահը գտնվում է ԱԱԾ աշխատակիցների հսկողության տակ: