«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը համոզված է, որ բոլոր կռված տղաները կկանգնեն Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի կողքին: Այս մասին այսօր՝ մարտի 24–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Հարությունյանը։

Հարությունյանի կարծիքով` Վիտալի Բալասանյանը երկրորդ փուլ անցնելու մեծ շանսեր ունի. «Նա միակ թեկնածուն է, որը, ըստ էության, հստակ ունի գիծ, անցել է ճանապարհ, շատ դրական անձնավորություն է: Նա արտակարգ իրավիճակներում ցույց է տվել իր տեսակը: Ոչ մեկին չի հաճոյում եւ տանում է ամենագրագետ քարոզարշավը: Համոզված եմ, որ ընտրություններից հետո արդեն կարեւոր չի լինի, թե Արայիկ Հարությունյանը քանի ձայն կհավաքի, բայց երկրորդ փուլում, ում հետ էլ անցնի Արայիկ Հարությունյանը պարտված է: Համոզված եմ` անցնելու է Վիտալի Բալասանյանի հետ»:

Արամ Հարությունյանի խոսքով` պատերազմական երկրում չի կարելի «երկրի ղեկը» վստահել պատերազմով չանցած մարդու. «Միակ թեկնածուն եղածների մեջ Վիտալի Բալասանյանն է: Երբ մարդկանց հետ շփվում էինք, հասկանում էինք, որ շատերը տեղեկացված չեն: Իմ ֆանտազիան չէր հերիքի պատկերացնել, որ կանցնեն ինչ-որ տարիներ եւ Արցախում կհայտնվեն երիտասարդներ, որոնք կսեւացնեն Ռոբերտ Քոչարյանին, Արցախի նախագահներին, անգամ Պարգեւ Սրբազանին: Այդ տղաները հասակակիցն են Ռոբերտ Քոչարյանի զակավների, որոնք պիտի հիշեն, որ այդ հերոսների ընտանիքները այդ օրերին Արցախից դուրս չեկան:

Այդ մարդիկ Սորոսի կաթ կերան, որ հիմա այդ կերպ փորձում են ապակայունացնել: Արցախում կան ուժեր, հանձինս Մասիս Մայիլյանի, որոնք ցույց են տալիս, թե կապ չունեն, բայց հստակ կարող եմ ասել, որ այդ ուժերը ուղղորդվում են Մասիս Մայիլյանի կողմից: Նրանց նպատակը Արցախում ապակայունացում ստեղծելն է: Մասիս Մաիլյանը չպետք է երկրորդ փուլ դուրս գա: Նա որ չէր խոսում, լուրջ էր իրեն պահում, մենք մտածում էինք` խելոք է»: