Թեեւ երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, սակայն իրականում կիրառվեցին արտակարգ դրության մի քանի տարրեր ու դետալներ: Այս մասին ՀՅԴ Facebook-ի էջի ուղիղ եթերում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Սկզբնական շրջանում բավական անլուրջ մոտեցում կար եւ մեր կարծիքով, իշխանությունները թեեւ քայլեր ձեռնարկում էին, բայց ամբողջությամբ չեն հասկացել այս հարցի վտանգավորության տարածման եւ հետեւանքների հեռանկարները»,-ասաց նա:

Անդրադառնալով ՀՅԴ Հայաստանի ԳՄ կողմից ներկայացված քաղաքական եւ մասնագիտական փաստաթղթին, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ փաստաթղթի հիմնական մեխն այն է, որ մեր պետության ու պարետատան գործողությունների հիմնական անելիքը պետք է լինի համավարակի տարածման կանխարգելումը. «Իշխանությունները հաճախ գնում են իրադարձությունների հետեւից՝ հետ մնալով մեկ քայլ առաջ անելու եւ դեպքերը կանխելու իմաստով»:

Նա թվարկեց իրենց պատրաստած գործողությունների քայլերը. «Անհրաժեշտ է հենց այսօր դադարեցնել բոլոր տեսակի ձեռնարկությունների եւ կազմակերպությունների գործունեությունը՝ բացառությամբ կենսապահովման օբյեկտների: Սահմանափակել բոլոր տեսակի ուղեւորատար տրանսպորտային ընկերությունների գործունեությունը՝ այդ թվում մետրոյի եւ տաքսիների: Սահմանել որոշակի ուղերթներ, որոնք կիրականացվեն որոշակի ժամերի՝ խիստ հսկողության ներքո:

Գիտեք, թե այսօր ինչ խայտառակ իրավիճակ է  եւ անվտանգության որեւ նորմ չի պահպանվում նաեւ հանրային տրանսպորտում»: