Իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ համավարակի դեմ կարող ենք պայքարել միայն կառավարչական հմտությունների գործադրմամբ, իրական ժամանակահատվածում  բազմաթիվ, այդ թվգում նաեւ ցավոտ որոշումների կայացմամբ: Այս մասին ՀՅԴ Facebook-ի էջի ուղիղ եթերում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՅԴ Հայաստանի ԳՄ կողմից կառավարությանը ներկայացված քաղաքական եւ մասնագիտական փաստաթղթին:

Նրա խոսքով, ապրում ենք ծանր  պայմաններում եւ որոշումները չպետք է լինեն ամբոխահաճո:

«Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումները, որոնք ներկայացվել են հաշվի չեն առնում իրավիճակի խորքային խնդիրները եւ պատճառահետեւանքային շղթայի թյուր վերլուծության արդյունք են: Մենք պետք է կարողանանք պայքարել գալիք տնտեսական ճգնաժամ ոչ թե հետեւանքների, այլ պատճառների դեմ, իսկ պատճառը կորոնավիրուսն է»,-ասաց Խաչատրյանը

Նա նկատեց, որ դեռեւս չեն կարող ասել, թե որքան կտեւի համավարակը, ինչ հետեւանքներ կունենա Հայաստանի եւ համաշխարհային տնտեսության վրա, հետեւաբար, պատրաստ լուծումներ առաջարկելը ժամանակավրեպ է:

«Չենք կարող մի կողմից ասել՝ մնացեք տանը, ինքնամեկուսացվեք, դրանով կանխելով վարակի տաածումը, մյուս կողմից ասենք՝ իսկ ինչպե՞ս ենք բիզնեսը խթանում: Բիզնեսի խթանումը ենթադրում է կյանքի ակտիվացում, բիզնեսի ակտիվացում: Այս երկուսը միասին չեն կարող լինել, հետեւաբար մեր խնդիրն է երկիրը բերել, պայմանականորեն ասած, նվազագույն էներգախնայողության ռեժիմի, ապահովել քաղաքացիների ու պետության անվտանգությունը եւ լուծել բնակչության առջեւ ծառացող կենսական սոցիալական խնդիրները:

Կառավարությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ նվազագույնի հասցնելու քաղաքացիների եւ փոքր տնտեսվարողների ուսերին ընկած ծանրությունը եւ հնարավոր կորուստները: Միաժամանակ ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնցից հերթական անգամ կշահեն շուկայում գերիշխող դիրքեր զբաղեցնող ձեռնարկությունները, ինչպես նաեւ ֆինանսական կազմակերպությունները»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Վերջինիս խոսքով՝ համաճարակի անկանխատեսելիությունը, մասշտաբայնությունը ձեւավորում են ֆինանսատնտեսական երկարաժամկետ համակարգային ճգնաժամեր, ուստի սկզբունքային է իրականացնել քայլեր, որոնք երաշխավորում են բնակչության անվտանգությունը եւ պետության կենսունակությունը, իսկ այդ քայլերը պետք է նախատեսվեն մինչեւ առնվազն հաճարակի համընդհանուր չեզոքացումը:

Նա ընդգծեց, որ իրավիճակը կայունացնելուց հետո միայն կարելի է շուկայի աշխուժացմանն ուղղված միջոցառումներ իրականացնել: