Ես հասկանում եմ, որ ձեռնարկությունները պետք է աշխատեն, բայց եթե չեն կարողանում այդ ձեռնարկություններում ապահովել հակահամաճարակային ֆոնը, աշխատողների ֆիզիկական անվտանգությունը, քանի կոպեկ արժի այդ արտադրանքը: Այս մասին ՀՅԴ Facebook-ի էջի ուղիղ եթերում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՅԴ Հայաստանի ԳՄ կողմից կառավարությանը ներկայացված քաղաքական եւ մասնագիտական փաստաթղթին:

«Տեսեք, ձեռնարկություններն իրենց աշխատողներին ասում են գնացեք տուն, բայց այդ մարդիկ տանը չեն մնում, շատերի համար սա հավելյալ արձակուրդի պես մի բան է: Մարդիկ երեկոները հավաքվում են, «բեսեդկա-փարթիներ» են անում: Ամբողջ քաղաքը եռուզեռի մեջ է: Չենք կարող քաղաքացիների բարձր սոցիալական պատասխանատվության վրա հույս դնել:

Եթե մենք ասում ենք՝ մի տեղաշարժեք, մեկուսացեք, պետք է նաեւ քայլեր ձեռնարկենք այդ տեղաշարժը կանգնեցնելու համար, իսկ դրա ամենաարդյունավետ միջոցը տրանսպորտային հոսքերի դադարեցումն է: Կենսապահովման ձեռնարկություններն իրենք պետք է իրենց աշխատողներին հասցնեն ձեռնարկություններ, հետո տանեն տուն»,-ասաց Արթուր Խաչատրյանը: