Նախկինում միայն ֆինանսական ծառայություններից օգտվող ֆիզիկական անձինք ֆինանսական հաշտարարի գրասենյակ դիմելու իրավունք ունեին, եւ այժմ մենք առաջարկում ենք փոխել իրավիճակը: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի առաջին  ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր, փաթեթի հեղինակ Արկադի Խաչատրյանը:

Նա նշեց, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնության համաձայն անհատ գործարարներն ու կազմակերպությունները, որոնք տարեկան 24 մլն դրամի եկամուտ են ստանում եւ ազատ են հարկերից, եւս կարող են դիմել ֆինանսական հաշտարարին եւ օգտվել այդ ծառաայություններից:

Պատգամավորը պարզաբանեց, որ դա թույլ կտա նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունն ու միաժամանակ կապահովի միկրոբիզնեսով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների շահերը: Նա նշեց, որ նման միջոցները, ըստ էության, թույլ են տալիս ընդլայնել շահառուների ցուցակը, որոնք ֆինանսական հաշտարարի ծառայությունների կարիք ունեն: