Ինչպես տեղեկացրեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Արևմուտք» տարածաշրջանային տնօրինության «Աշտարակ-Էջմիածին» շահագործման տեղամասի պետ Արտյոմ Խաչատրյանը, խոսքը մոտ 400 մետրանոց պոլիէթիլենային խողովակաշարի մասին է, որ կառուցվեց Ղազարավանի ջրաղբյուրից քիչ հեռու գտնվող «Ճալեր» կոչված տարածքում:

«Ճալեր» կնշանակի ճահիճ: Իրոք, տեղանքն այստեղ ճահճոտ է, ջրառատ, իսկ դրա միջով անցնող ու մինչև Էջմիածին ձգվող առնվազն կեսդարյա հնության մետաղե խողովակաշարի այս հատվածը, ինչպես պարզվեց, քայքայված էր, ինչը ոչ միայն ջրի կորստի էր բերում, այլև վտանգում սպառողներին մատակարարվող ջրի որակը: Այն անհապաղ պահանջվում էր փոխարինել:

Ինչպես և սպասվում էր, ջրագծի կառուցումը նման վայրում դժվար գործ դուրս եկավ: Այն էլ այս եղանակին: Ջուր, ցեխ, ձեռքի աշխատանք, գումարած սպասարկվող տարածքի ինժեներական կառույցների ու բաշխիչ ցանցի ամենօրյա սպասարկումը, որը մնում էր տեղամասի թիվ մեկ պարտականությունը:

Այնուամենայնիվ ծրագիրը բարեհաջող ավարտվեց: Խրամուղին փորվեց, խողովակաշար զոդվեց ու տեղադրվեց, իսկ միացումները գործող ջրագծին տրվեցին: Օրերս 500 մմ տրամագծով նոր խողովակաշարը լիարժեք շարք մտավ: Հինը շահագործումից հանվեց, ինչը թույլ տվեց տնտեսել վայրկյանում մոտ 30 լիտր ջուր, որն էլ ուղղվեց Էջմիածին քաղաք ու հարակից գյուղեր, ինչպես նաև Աշտարակի մոտ գտնվող բնակավայրեր:

Ընդ որում, սա մեկն էր՝ հերթականը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից Արագածոտնի ու Արմավիրի մարզերում շարունակաբար իրականացվող ծրագրերից, որի արդյունքում «աչքի առաջ» հալչում է այնտեղ տասնամյակներով կուտակված ջրամատակարարման խնդիրների կույտը: Ավելին, դրանք լուծվում են ժամանակի պահանջներին համաձայն. ջրի տնտեսման. հոսանքի խնայողության, ջրի որակի ապահովման ու մատակարարման կայունության ապահովման ճանապարհով: