Պետք է սահմանափակել կանխիկ դրամի շրջանառությունը, խրախուսել քարտային գործարքները: Այս մասին ՀՅԴ Facebook-ի էջի ուղիղ եթերում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՅԴ Հայաստանի ԳՄ կողմից կառավարությանը ներկայացված քաղաքական եւ մասնագիտական փաստաթղթին:

Նրա խոսքով, մի շարք միջոցառումներ կան, որոնք հրատապ պետք է իրականացվեն՝ պետական մարմիններից տրվող տեղեկանքների ժամկետների երկարացում՝ մինչ արտակարգ դրության ավարտ, կանխիկ դրամի շրջանառության սահմանափակում՝ խրախուսելով քարտային գործարքները, բանկերին ու վարկային կազմակերպություններին օնլայն ռեժիմով աշխատելու հորդոր:

«Պետությունը կարող է կանխիկի կարիք ունենալ, արտարժույթի կարիք ունենալ, հետեւաբար պետք է դադարեցնել այն ծրագրերի ֆինանսավորումը, որոնք այս իրավիճակում հրատապ չեն, դադարեցնել գնումների բոլոր մրցույթների իրականացումը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք անհրաժեշտ են պետության գործունեությունն արտակարգ դրության ընթացքում երաշխավորելու համար: Դադարեցնել բոլոր տեսակի պարգեւատրումները բոլոր մակարդակների պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, արգելել պետական մարմիններում գործուղումները՝ բացառությամբ պարետի հատուկ թույլտվության»,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը:

«Դադարեցնել հարկային ստուգումները եւ այս ժամանակահատվածում հաշվետվությունների համար սահմանել այլ ժամանակաշրջան: Դադարեցնել պետական բյուջեից մասհանումները կուտակային կենսաթոշակային հիմնադրամին: կանխիկը, արտարժույթը պետք է մնա երկրում:

Վերահսկել տարադրամային հոսքերը, արգելել տարադրամի փոխանցումը ցանկացած եղանակով՝ բացառությամբ ռազմավարական նշանակության ապրանքների գնման նպատակային փոխանցումները:

Արտարժույթի պաշարները չվատնել դրամի փոխարժեքի արհեստական պահպանման վրա՝ վտանգելով հետագայում ռազմավարական ապրանքների ձեռքբերման հնարավորությունները»,-ընդգծեց նա: