ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կյանքում մի քանի անգամ է արտակարգ իրավիճակ եղել. երբ խմբագիր է եղել, երբ ինչ-որ մեկի մասին վատ հոդված է գրել, փող է վերցրել ու որոշ ժամանակ դադարել է այդ մասին գրել, «Մարտի 1-ին» է եղել, երբ ինքը փախավ, եւ բանտում, այն ժամանակ էլ օգտվել է «Վստրեչի Ապերի» ծառայություններից, քանի որ իր համար այդ միջավայրում գտնվելը լուրջ խնդիրներ էր ստեղծում: Այս մասին այսօր՝ մարտի 24–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արամ Հարությունյանը։

«Նիկոլ Փաշինյանի հանգրվանը լինելու է ԱԱԾ-ի պատվալը: Նրան մեկուսացնելու արդյունավետ ձեւը` կալանավորելն է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ապակայունացնում է մեր երկիրը:  Մենք Փաշինյանին ազգովի պիտի ասենք` կանգ առ: Նա չի կարող արտակարգ դրության պայմաններում կառավարել երկիրը, առավել եւս ծիլեր արձակի Արցախում: Նա նշանակել է պարետ, բայց չի թողում` պարետը խոսի: Ինքն առաջ է ընկնում. հսկիչի դեր է տանում, ցրիչի դեր է տանում, դա տհաճ է: Երբ մարդը անձեռոցիկից օգտվելու մշակույթ չունի»,- ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը` ասաց. «Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց անմիջապես հետո Մարտի 1-ի գործը բերեց մեջտեղ, երբ հիմնական մեղավորը ինքն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն են: Այստեղ խնդիրը միայն անձնական հարցը չէր, սա աշխարհաքաղաքական հարց էր: Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ ազատության մեջ նույն այսօրվա իրավիճակում հնարավոր չէր, որ Արցախում նման զարգացումներ գնային: Գործը, որը հարուցվել է` ջուր է: Իշխանությունների նպատակը դատավարության ձգձգելն է: Պարզվում է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը կախված է Աննա Դանիբեկյանի առողջությունից: Նրանք խորամանկ ձեւով փորձեցին հետաձգել: Այս դատավարությունը ապագա չունի, մեկ է, մի օր տեղերով փոխվելու են»: