Ոչ բոլոր քաղաքացիներն են կարող հետևել ՀՀ կառավարության կոչին եւ մնալ տանը, քանի որ գործատուներն իրենց դրա համար չեն վճարելու: Այս մասին մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին կայացած խորհրդարանական ժամին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Խորհրդարանականը նշեց, որ արդյունքում մարդիկ ստիպված են լինում շարունակել աշխատանքի գնալ՝  վտանգելով ինչպես իրենց, այնպես էլ մյուսների առողջությունը:
Սամսոնյանը շեշտեց, որ կան մարդիկ, ովքեր չեն կարողանում իրենց աշխատանքը հեռակա կարգով իրականացնել, եւ չկան օրենսդրական դրույթներ, որոնք գործատուներին պարտավորեցնում են աշխատողներին վճարել ժամանակավոր անգործության տվյալ ժամանակահատվածի համար:

«Այս օրերին բազում մտահոգիչ հաղորդումներ են ստացվում այն մասին, որ շատերն աշխատանքի չեն գնացել, քանի որ պետությունը միջամտել եւ «փակել է» իրենց աշխատատեղերը, նրանք ծանր սոցիալական իրավիճակում են հայտնվել»,- պարզաբանեց պատգամավորը:

Նա նաեւ հայտնեց, որ, ըստ որոշ տեղեկությունների, Էջմիածնի հիդրոէլեկտրակայանի աշխատակիցներն այցելում են տներն ու պահանջում վճարել պարտքերը` սպառնալով հակառակ դեպքում անջատել լույսերը:

Սամսոնյանը կառավարությանը կառավարությանը կոչ արեց քննարկել իրավիճակը կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների հետ եւ լուծումներ գտնել, որոնք կաթվածահար չեն անի մասնավոր ընկերությունների եւ տնտեսվարող սուբյեկտների աշխատանքը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունն ուժի մեջ է ամբողջ Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ից 18:00-ից մինչեւ ապրիլի 14-ը ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: