Համավարակով եւ արտակարգ դրությամբ ստեղծված իրավիճակում բյուջետային խնայողությունները կամ գոտիները ձգելու քաղաքականություն նախեւառաջ իշխանությունն ինքը պետք է դրսեւորի։ Այս մասին այսօր Կառավարությանը ՀՅԴ-ից կողմից ներկայացված առաջարկությունների վերաբերյալ ՀՅԴ կազմակերպած ասուլիսին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Ոչ միայն այդ պարգեւատրումները պետք է դադարեցվեն, այլեւ պետք է գա այն շրջափուլը, երբ հանրային ծառայության մեջ ներգրավված բարձր վարձատրվող անձանց աշխատավարձերը ժամանակավորապես պետք է սառեցվեն, փոքրացվեն, կասեցվեն, որպեսզի այդ ռեսուրսները ծառայեն ազգաբնակչությանը, այլ ոչ թե մեկ կամ մի խումբ անձանց»,- նշեց Արծվիկ Մինասյանը։
Նրա կարծիքով՝ բնակչության գոյատեւումը առաջին կարեւորության հարցը, եւ Կառավարությունը պետք է ոչ թե բանկերի միջոցով բիզնեսին գումարներ տրամադրի՝ աշխատողների աշխատավարձերը վճարելու համար, այլեւ հենց պետությունը պետք է բնակչությանը առնվազն կենսաապահովման նվազագույն բյուջեի չափով գումար տրամադրի։
«Իշխանությունները պարտավոր են այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել, այլ ոչ թե մտածել այն ստանդարտ իրավիճակի նման, թե անհրաժեշտ է տարբեր ուղղություններով զարգացումներ ապահովել, որովհետեւ դա թվացյալ է, կեղծ է։ Բանկերին լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ է տրամադրվում, անունը դրվում է, թե իբր քաղաքացիներին են օգնում։ Մինչդեռ, ուղիղ հակառակ պրոցեսն է կատարվում։ Այսինքն, եթե օժանդակություն է պետք, ապա դա պետք է տրամադրվի մարդկանց, այլ ոչ թե բանկերին կամ ֆինանսական միջնորդներին։